21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանն ամփոփում է

Ընտրարշավը մոտեցավ  իր  ավարտին: Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ  Հանրապետական կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքը: Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի խոսքը լեփ-լեցուն դահլիճը լսեց  մեծ ոգեւորությամբ, խոսք,որը լի էր  մարդկանց նկատմամբ  սրտացավությամբ  եւ հոգացությամբ, ապագայի եւ իր ուժերի նկատմամբ վստահությամբ եւ համատեղ ջանքերով,  իսկապես ապահով երկիր կառուցելու կոչ էր: Ինչպես նաեւ, կոչ էր չենթարկվել այն սադրիչ մտքին, թե հայաստանցի ընտրողի  ձայնը  դեր չունի   եւ պետք չէ մասնակցել ընտրությանը:

Բնականաբար, երկրի ղեկավարի ընտրությունը իր նշանակությամբ  եւ կարեւորությամբ  գլխավոր քաղաքական  միջոցառումն է հանդիսանում յուրաքանչյուր երկրի համար, սակայն, կարծում եմ, այս ընտրության նշանակությունը  Հայաստանի Հանրապետության համար առավելագույն է, նախ եւ առաջ այն պատճառով, որ օրինական  եւ օրինակելի ընտրություն  անցկացնելու հանձնառությունը, իրոք, կարեւորագույն եւ կենսական է մեր   երկրի համար, եւ նաեւ մենք պետք է բավարար  քաղաքական կամք եւ հաստատակամություն ունենանք 2012-ի ընտրություններում առաջ կատարած քայլը ամրացնենք եւ ապացուցենք,որ հետ դարձի ճանապարհ չկա եւ փոփոխությունները այլեւս անդառնալի են:

Գոհունակությամբ նշեմ, որ չնայած դեռեւս  մի քանի տեղ ի հայտ եկած որոշ  թերություններին, այնուամենայնիվ, գլխավոր խնդիրը, կարծում եմ, լուծված է, այն է` այլ որակի ընտրություններ անցկացնել, փակել էջը եւ քաղաքական համակարգին  եւ մեր երկրին նոր իրողությունների պայմաններում զարգանալու հնարավորություններ տալ:  

Հանրապետականը, ի դեմս  իր  առաջնորդ Ս.Սարգսյանի,  իսկապես, բարձր նշաձող դրեց ` զերծ մնալ նախկինում տեղ գտած բոլոր նեգատիվ երեւույթներից:

Քանի որ ընտրական գործընթացներին մեծ թվով մարդիկ են մասնակցում եւ  խնդիրը վերաբերում է մարդկային մտածողությանը, որը, ինչպես գիտենք, ամենաիներցիոն  համակարգն  է, այդ առումով  իսկապես անհրաժեշտ էր եւ բազմաթիվ շտաբների  կազմակերպչական աշխատանքները այդպես տանել, եւ   հսկողությունը, եւ լինել կամային ու  հետեւողական` խախտումների հանդիպելիս: Կարծում եմ, մեր հերեւողականության լավագույն օրինակներ են Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանի , կրթության նախարար Ա.Աշոտյանի  խիստ եւ գործուն քայլերն առաջին իսկ տեղ գտած խախտման նկատմամբ` օրենքի տառին եւ ոգուն  համապատասխան , անկախ դեպքից եւ դիրքից:

Այսօր արդեն  բացարձակորեն չկան  մարդկանց հանդիպումների բերելու, ավտոբուսների , վարչական ռեսուրների  եւ այլ  նախկինում այդքան տարածված թեմաները; Անձնագրերի թեման եւս ոչ մի կերպ  լրջորեն չի ստացվում, եւ պատահական չէ, որ այսօր եւ մեր հանրությունը, եւ դիտորդական առաքելությունները իրենց ուշադրությունը տեղափոխում են արդեն տեխնիկական բնույթ կրող մանրամասների վրա, ինչպիսիք  ասենք՝ որ շենքում է տեղադրված շտաբը, որտեղ է կախված ցուցանակը եւ այլն. խնդիրներ, որոնք նախկինում համարվել են երրորդական, չորրորդական:

Նաեւ պատահական չէ, որ այսօր մամուլի արձագանքների մեծ մասը վերաբերում են այստեղ կամ այնտեղ, անմիջական, համարյա  կենցաղային զրույցի ընթացքում, արձագանքելով դիմողի  ոչ տեղին  հարցին կամ  կանխակալ տոնին, կատակին, նախագահի կողմից  հումորով հնչեցված  պատասխաններին: Սա վկայում է, որ այլեւս  լուրջ բացթողումներ չեն գտնվում  եւ մնում է գոհանալ  նավթալինոդ թեմաները անվերջ  ու անհիմն ծամծմելու կասկածելի հաճույքով:

Իշխանությունն այսօր իրականում քաղաքական կամք է ցուցաբերում.: Հանրությունը տեսավ եւ համոզվեց Հանրապետականի որդեգրած դիրքորոշման մեջ, այն է` մենք չենք աշխատում ընդդեմ, այլ աշխատում ենք հանուն սկզբունքով, որ մենք իրականում տարանք գաղափարական եւ ծրագրային պայքար եւ մեր հիմնական խնդիրը դարձրեցինք հանրության հետ զրույցը, քննարկումը, բանավեճը` երկրի այսօրվա եւ վաղվա  խնդիրների վերաբերյալ:

Վերջին հաշվով, մենք տանում ենք նրան, որ ընտրությունները Հայաստանում դադարեն սթրեսային երեւույթ լինելուց, որից հետո մարդիկ երկար ժամանակ չեն կարողանում ուշքի գալ, այլ լինեն  ժողովրդավարական երկրներին հարիր, նորմալ, մարդկային իրավիճակներում ընթացող, օրենքի տառին ու ոգուն համահունչ պետական  միջոցառում:

Այսօր առավոտյան հանդիպում էի  Հայաստանում գտնվող թուրք լրագրողների:Առաջին հարցերից մեկը “Զաման” թերթի լրագրողի հարցն էր՝ Հայաստանում ընտրություններ են, բայց  որեւէ տեղ  ոչ մի իրարանցում, խառնվածություն,աղմուկ կամ ընտրություններ  հուշող որեւէ  այլ  բան չենք նկատում:Այդ ինչպե՞ս է… Սա Ապահով Հայաստանն է. եւ վերջ:

Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ