Մակեյանը պատասխանեց ‘’հաճախորդներին’’
‘’Ժողովրդավարական Հայրենիք’’ կուսակցությունը պատասխան հաղորդագրություն է տարածել երեկ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հասցեին ուղղված մեղադրանքների կապակցությամբ:
‘’Ս.թ. փետրվարի 13-ին հայտնի կենտրոնից գրված հերթական ‘’հայտարարությունը’’, ստորագրված ‘’Ժողովրդավարական Հայրենիք’’ կուսակցությունից հեռացված, արդեն ոչ անհայտ երկու հաճախորդների կողմից, նպատակ ուներ լրատվամիջոցների ուշադրությունը շեղել փետրվարի 14-ին կայանալիք` կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի մամուլի ասուլիսի հիմնական թեմայից, մասնավորապես` ներկոնգրեսական զարգացումներից:
Բուն ‘’հայտարարության’’ մասին ներկայացնում ենք հետևյալը, որ ‘’Ժողովրդավարական Հայրենիք’’ կուսակցության ֆինանսական բոլոր որոշումները ընդունվել են քաղաքական խորհրդի անդամների ստորագրությամբ, այդ թվում` կուսակցությունից հեռացված քաղաքական խորհրդի նախկին երկու անդամների կողմից, ավելին` Ղուկաս Մեհրաբյանը` 2008-2009թթ. հանդիսանալով կուսակցության փոխնախագահ, կուսակցության նախագահի բացակայության (Պ.Մակեյանը կալանավորված էր) ընթացքում ղեկավարել է կուսակցությունը:
Ինչ վերաբերում է կուսակցության վարձակալած տարածքին, ապա բոլոր գործարքներն իրականացվել են կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ, այդ թվում` վերոնշված երկուսի ստորոգրությամբ և ՀՀ օրենքների ու կառավարության 2001թ. փետրվարի 23-ի թիվ 125 որոշման պահանջներին համապատասխան:
Այս պահի դրությամբ կուսակցության վարձակալած տարածքի մասով մեկ հայցադիմում գտնվում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում, իսկ մեկ այլ հայցադիմումով ԺՀԿ-ն դիմել է ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0295/02/12), ըստ որի կուսակցությունը դատարանից պահանջում է ուժի մեջ թողնել կուսակցության տարածքի տիրապետման ժամկետը` 99 տարի’’, -նշվում է հայտարարության մեջ: