26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդ արվեստաբանները կքննարկեն արվեստի տարբեր ճյուղերին նվիրված խնդիրներ

Հոկտեմբերի 19-ին մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը` նվիրված Տ. Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին: Եռօրյա նստաշրջանի ընթացքում արվեստագետները հանդես կգան արվեստի տարբեր բնագավառներին առնչվող 40 զեկույցներով:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե գիտությունը Հայաստանում ծերանում է: “Վերջին շրջանում շատ է խոսվում գիտության ծերացման մասին, որ երիտասարդները հեռանում են գիտությունից ցածր ֆինանսավորման պատճառով: Մեր ամենամյա գիտաժողովները հաստատում են, որ նման խոսակցություններն այնքան էլ տեղին չեն: Համենայն դեպս, արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում։ Մենք ամեն տարի տեսնում ենք, թե ինչ կարող, պատրաստված հերթափոխ ունենք։ Նրանք շատ շնորհալի, տաղանդավոր երիտասարդ արվեստաբաններ են: Ամեն անգամ հաճելիորեն զարմանում ենք` տեսնելով, որ նման ներուժ ունենք”,- ասում է Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը` շեշտելով նաեւ, որ նման միջոցառումները շատ լավ հնարավորություն են՝ շփվելու եւ կապեր հաստատելու արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող երիտասարդ մասնագետների համար:

Աննա Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ Արվեստի ինստիտուտը նպատակ ունի Տ. Չուխաճյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված եւս մեկ գիտաժողով գումարել 2013թ. գարնանը:

Երիտասարդ ճարտարապետ, Նովոսիբիրսկի ճարտարապետության եւ գեղարվեստի պետական ակադեմիան ներկայացնող Դավիթ Նահատակյանն ակնկալում է երիտասարդների ակտիվ մասնակցություն նստաշրջանի աշխատանքներին, շահագրգիռ քննարկումներ եւ արդիական խնդիրների արծարծում:

Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են ինչպես Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների երիտասարդ գիտնականներ: Ներկա են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող երիտասարդ արվեստաբաններ:

Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 7-րդ նստաշրջանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել են ԳԱԱ Արվեստի ինստիտուտը եւ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը: Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ