Անցած մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 7 երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ:
ՍՊԾ գործակալության հաղորդմամբ` երկրաշարժերից երեքը տեղի են ունեցել Թուրքիայում: Փետրվարի 11-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժը գրանցվել է Վան քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ փետրվարի 13-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) և փետրվարի 16-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցումները՝ Վանից 22 կմ հյուսիս-արևելք:
Փետրվարի 11-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից (Գանձակ) 26 կմ դեպի հյուսիս գտնվող երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.0): Փետրվարի 14-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Գերանբոյ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը Իրանում տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մերենդ քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Փետրվարի 12-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափամերձ գոտում: Փետրվարի 15-ին Նոր Զելանդիայի Օքլենդ կղզուց 219 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նոր Զելանդիայի Հարավային կղզում գտնվող Քրայսթչերչ քաղաքի ափերի մոտ տեղի ունեցած 5.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով որոշ մարդիկ վնասվածքներ են ստացել, ինչպես նաև գրանցվել են փլուզումներ:
Ստորգետնյա ցնցումներից քաղաքի առափնյա հատվածում ժայռից բեկոր է պոկվել ու մեծ աղմուկով ընկել ջուրը: Փետրվարի 16-ին Արևելախաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային մասում տեղի է ունեցել սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 6 մագնիտուդ հզորություն: Հաջորդ օրը տեղի ունեցած նույն ուժով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր ինդոնեզական Տոբելո քաղաքից 153 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: