24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր երկրի սեյսմիկ նկարագիրը թույլ չի տալիս այստեղ ատոմակայաններ կառուցել. բնապահպան

Ինչպես հայտնի է, փետրվարի 11-ին կառավարության նիստի ընթացքում պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը, բայց հարցը հանվեց օրակարգից: Ինչու՞: Այս և սույն թեմային վերաբերող մյուս հարցերի շուրջ այսօր ‹‹Հենարան›› ակումբում  իր տեսակետները հայտնեց  Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:

Ըստ բնապահպանի՝ եթե  նոր ատոմակայանին վերաբերող հարցերը չեն քննարկվել փետրվարի 11-ի՝ կառավարության նիստի ժամանակ, դա դեռ չի նշանակում, որ դրա կառուցման հարցը առկախված է կամ կասկածելի: Հակոբ Սանասարյանը նշեց, որ այսպիսի օբյեկտ կառուցելիս առաջ հարկ է նախ ուսումնասիրություններ կատարել ու հասկանալ՝ արդյո՞ք կարելի է տվյալ տարածքում կառուցել ատոմակայան:

‹‹Մենք արդեն իսկ մի վատ փորձ ունեցել ենք: Այս ատոմակայանը որ կառուցվել է, բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Բայց, ցավոք, ԱԺ-ն որոշում է ընդունել, որ պետք է կառուցվի ատոմակայան: Ատոմակայանի տեղի ընտրությունն ընտրելիս կարևոր է մի հանգամանք. սեյսմիկությունը պետք է ցածր լինի՝ զրոյականին մոտ: Բայց մեր ատոմակայանի տարածքում ոչ միայն սեյսմիկությունն է վտանգավոր, այլև այդ տարածքում կան մի շարք հանգած հրաբուխներ››, -ընդգծեց Հակոբ Սանասարյանը:

Կանաչների միության նախագահը նշեց, որ մեր երկրի սեյսմիկ նկարագիրն ընդհանրապես թույլ չի տալիս այստեղ ատոմակայաններ կառուցել: ‹‹Խորհրդային տարիներին, երբ  կառուցվել է մեր ատոմակայանը, կեղծվել են ուսումնասիրությունների արդյունքները: Կարելի է ասել, որ ատոմակայանի կառուցման համար ընտրվել է մի վայր, որը վատթարագույնն է այս պարագայում: Այս գոտին սեյսմակայունության առումով անհուսալի է: Խիտ բնակեցված տարածքներում չի կարելի ատոմակայան կառուցել:

Հիմա ատոմակայանը կոչվում է հայկական ատոմակայան, իսկ այս նորը, որ պիտի կառուցվի, ըստ էության, լինելու է անհատների ատոմակայանը, քանի որ ֆինանսական միջոցներն անհատներն են  տրամադրելու››: Բանախոսը նշեց, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետ է սահմանվել  մինչև  2019 թվականը: Բայց դրա շահագործման վերջնաժամկետը ձգձգելը հղի է վտանգներով:

‹‹Ռեակտորների կայությունն ու ապահովությունը տարեցտարի նվազում է: Էներգաբլոկը երկարատև շահագործելը վտանգավոր է››: Բնապահպանն ընդգծեց՝ քանի որ մեր երկրում ատոմակայաններ կառուցելը ցանկալի չէ, կարելի է ընտրել էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային միջոցներ:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ