26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻ ԵԴ-ն Տեր-Պետրոսյանի պահանջները ճանաչեց անընդունելի. Գեւորգ Կոստանյան

“Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են և այդ հիմքով եվրոպական դատարան բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի”,- “Փաստինֆո”-ի հետ զրույցում ասել է Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով ՀԺ-ի այն հրապարակմանը, որտեղ Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը նշում է, թե   ՀՀ կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել եւ ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին` 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանն ուղղած հարցերին պատասխանելու ժամկետը, որը ավարտվում էր սեպտեմբերի 11-ին,  ևս երկու ամսով երկարաձգելով:

Գեւորգ Կոստանյանը նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 30.08.2008թ. հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր մի շարք իրավունքների խախտումները:

Մասնավորապես, նա վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքը,  միավորման իրավունքը,  արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը և ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ:

Գևորգ Կոստանյանը, “Փաստինֆո”-ին ասել է նաեւ , որ միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը  ինքնին խախտում էր իր իրավունքնեը՝ կոնվենցիայի 10, 11-րդ հոդվածների հետ կապված: Այսինքն նաև վիճարկվում էր այդ հրամանագրի՝ կոնվենցիային համապատասխանության մասով: Եվրոպական դատարանը համարել է, որ այդ բոլոր պնդումները անհիմն են, և հայցն անընդունելի ճանաչեց, բացառությամբ այն դրույթի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և այն, որ ինքը չի ունեցել  իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:

Ինչ վերաբերում է այս երկու կետերին, ապա եվրոպական դատարանը դեռևս որոշում չի կայացրել, նույնիսկ ընդունելի չի ճանաչել, և համարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները դեռևս անհիմն են, բայց դրանք լրացուցիչ քննարկման կարիք ունեն կառավարության հետ:

Գևորգ Կոստանյանը տեղեկացրել է, որ այս փուլում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել իր դիրքորոշումն ընդամենը այս երկու հարցերի առնչությամբ: Այսինքն՝ նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու փաստով և միավորման իրավունքի, արդյունավետ բողոքարկման իրավունքի երաշխավորման մասով: Մնացած մասով պահանջներն ամբողջությամբ անհիմն են ճանաչվել:

Նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել նաև ընտրությունների արդյունքների և ընթացքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վիճարկումը, որով նա պնդում էր, թե ընտրությունները չեն եղել արդար և թափանցիկ, ինչը խախտել է իր՝ կոնվենցիայով  երաշխավորված իրավունքը: Դատարանը փաստորեն անհիմն և փաստական հանգամանքներից զուրկ է համարել  նրա այդ պնդումը:

Ինչ վերաբերում է կառավարության հետ քննարկմումներին, ապա դատարանի կողմից ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 7-ը:

“Մենք կներկայացնենք մեր փաստարկները, որոնք կրկին հիմնավորում են, որ տնային կալանքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են և փաստական որևէ հանգամանքներից զուրկ: Դա ոչ թե տնային կալանք է եղել, այլ իր անվտանգության երաշխավորմանն ուղղված գործընթաց: Այն հանգամանքը, որ դատարանն այս հարցում որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկների հիման վրա, այլ անհրաժեշտ է համարել կառավարության հետ լրացուցիչ քննարկել, ինքնին հիմնավորում է այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները միանշանակ չեն”,- նշել է Գևորգ Կոստանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ