ԱԺ նախագահը ուղերձ է հղել
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` հիմնադրման 10-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ:
Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Այս երիտասարդ, բայց արդեն արդեն իսկ կայացած ստեղծագործական կոլեկտիվը իրականացնում է կարեւոր սոցիալ-մշակութային առաքելություն, պահպանում եւ տարածում է դասական երաժշտության հարուստ ժառանգությունը՝ լուսավորչական եւ հոգեւոր դաստիարակության իր ծանրակշիռ ներդրումը կատարելով ոչ միայն երիտասարդության, այլեւ ընդհանրապես հասարակության կյանքում:
Հանդիսանալով երիտասարդության եւ արհեստավարժության կուռ համաձուլվածք՝ նվագախումբը բարձրաճաշակ կատարումներով հիացնում է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրյա արվեստասերներին՝ մատուցելով հայ ու համաշխարհային դասական երաժշտության գոհարներ ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նվագախմբի եւ նրա ղեկավարի աշխատասիրությունն ու նվիրվածությունը երաժշտությանը ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք համերգների ու համերգաշարերի տեսքով ավարտվում են հանդիսատեսի հետ նոր անմոռանալի հանդիպումներով: Համոզված եմ, որ հետագայում եւս նվագախումբը կշարունակի իր բարերար ազդեցությունն ունենալ մշակութային մթնոլորտի վրա:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական ոգեւորություն, լավատեսություն եւ ամենայն բարիք: Թող նվագախմբի կենսագրության հաջորդ տարիները դառնան ստեղծագործական նոր որոնումների եւ նոր ձեռքբերումների ժամանակներ»: