Ինչու է հրաժարական տալիս Վրաստանի վարչապետը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ պաշտոնից։ Նա հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, սակայն «կմնա իր երկրի հավատարիմ զինվորը»։
Այժմ, համաձայն Վրաստանի Սահմանադրության, վարչապետի հրաժարականի դեպքում, կառավարության լիազորությունները կասեցվում են և գործադիրի անդամները սկսում են ժամանակավորապես կատարել իրենց պարտականությունները:
Վրաստանի նախագահը 7 օրվա ընթացքում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած վարչապետի նոր թեկնածուին:
Վրացական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Ղարիբաշվիլին հրաժարական է տալիս, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբը եւ «Վրացական երազանք» կոալիցիայի ընտրացուցակը:
Նշվում է նաեւ, որ ամենայն հավանականությամբ՝ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: