26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիվական շշունջներ եթերում. քանի դեռ ուշ չէ՝ ապաշխարեք

«Աստծու սպառազինությունը հագե՛ք,
որպեսզի կարողանաք ընդդիմանալ
Սատանայի հնարանքներին»
Եփես. 6.11

Այն, ինչ ցուցադրում են Արմենիա թիվի հեռուստաընկերությամբ անհնար է կոչել խելահաս ծրագիր: Նյութը պատրաստելիս մի կողմ ենք թողել հաղորդումը հովանավորողների ու հաղորդավարուհու անձերը, նրանցից և ոչ ոքի անձամբ չենք ճանաչում, չունենք նրանց վրա ցեխ շպրտելու որևէ դիտավորություն: Միակ պատճառը մեր մտահոգությունն է և՛ նրանց, և՛ հաղորդմանը եկող հայտնիների, և՛ հեռուստադիտողների անվտանգության վերաբերյալ:

Եթե կախարդները նախապես զգուշացված չեն լինում աստղերի կողմից իրենց կյանքի մանրամասների մասին, եթե դա PR խաղ չէ, ապա այդ աստղերի համար վատ նորություն ունենք. իրենք իրենց հոգին, իրենց ընտանիքը, իրենց զավակներին բացում են դիվային ուժերի առջև, որովհետև այդ կախարդները լսում են դիվական շշունջները և կրկնում բարձրաձայն այն, ինչը նրանց թելադրում են այն էակները, որոնց ստրկության տակ գտնվում են իրենք իսկ:

Նախ՝ ինչպե՞ս են այդ կախարդները հայտնվում դիվական ուժերի ազդեցության տակ. դա կարող է տեղի ունենալ հետևյալ կերպ: Օրերից մի օր մի էակ կամ էակներ, երազում կամ արթմնի հայտվում են տվյալ մարդուն ու հրամայում նրան սկսել գուշակություններ կատարել… երբեմն մարդը կարծում է, որ ինքն ընտրվել է աստվածային ուժերի կողմից և իր մեծամտության շնորհիվ կուլ է գնում գուշակություններ անելու էակի առաջարկին, քանի որ իրեն հաճելի է թվում «սեփական գերբնական կարողությունները» մարդկանց ցուցադրելու և դրանցով գումար վաստակելու հեռանկարը:

Ժամանակի ընթացքում կամ ի սկզբանե կախարդը բացահայտում է, թե ինչ էակների հետ գործ ունի, սակայն նրանցից հրաժարվելը նախ շատ դժվար է լինում, քանի որ այդ էակներն անգամ ունակ են կախարդին սպառնալ, ֆիզիկական ու հոգեկան լուրջ չարչարանքների ենթարկել (օրինակ՝ Վանգայի, Կաշպիրովսկու դեպքում), կամ էլ չի հրաժարվում դրանց առաջարկից՝ սեփական սնափառությունից ու ագահությունից դրդված:

Նրանք չեն կարողանում մերժել էակներին, քանի որ դևերը, տեսնելով տվյալ մարդու՝ Քրիստոսից հեռու լինելը, հեշտությամբ չարչարում են, վախեցնում և ի վերջո, անքրիստոս մարդուն իրենց թակարդն են գցում ու սկսում ղեկավարել: Այդ էակներին հաղթել կարողանում է միմիայն քրիստոնյա խոնարհ մարդը, որը դիմում է Քրիստոսին, դիմում եկեղեցի, քահանային պատմում է եղելությունը, հաղորդվում է, անցնում այլևայլ հոգևոր սպառազինություններ կրելու, որոնց թվում են աղոթքը, պահքը, սրբերի բարեխոսությանը դիմելը, բժշկության (երբեմն՝ դիվահալածության) աղոթքները՝ կատարված ձեռնադրված հոգևորականի կողմից և այլն:

Սովորաբար անձն ընտրվում է այդ ուժերի կողմից, քանի որ, միգուցե, դարեր առաջ իրենց տոհմում եղել են կախարդներ, գուցե նրանց նախնիները կատարել են մոգություններ, պահել թալիսմաններ, թուղթուգիր են արել այլոց վրա, սրբություն են հայհոյել, դիմել են մոգերի կամ էլ՝ տանը կամ անձի մեջ կա բացասական էներգիայի՝ մեղքի, մեծ կուտակում` եկած թե՛ վաղ անցյալից, թե՛ ներկայից:

Պետք չէ սնահավատությունը շփոթել դևերի գոյության հանդեպ հավատ ընծայելու հետ: Յուրաքանչյուր քրիստոնյա, որը տեղյակ է Աստվածաշնչին, Աստծուն հավատալու հետ մեկտեղ չի ժխտում դևերի ուսատանայի գոյությունը: Պետք չէ այդ էակներին պատկերացնել պոզուպոչով, քանի որ հաճախ նրանք կարող են լուսավոր հրեշտակի կերպարանք էլ ընդունել: Նրանց խնդիրը մարդկանց Աստծուց կտրելը-հեռացնելն է՝ ամենատարբեր միջոցներով. այդ միջոցներից մեկը մագիան է՝ կախարդությունը: Այդ էակները, կարելի է ասել «սնվում են» մարդու բազմազան մեղքերով, հրահրում են թշնամանք ու պատերազմներ մարդկանց միջև:

Ինչպե՞ս է լինում, որ կախարդները «գուշակում են» մարդու կյանքի հետ կապված մանրամասներ: Հայաստանի Աստվածաշնչային ընկերության՝ գուշակությանը վերաբերվող հանրագիտարանային հոդվածում ասվում է. «Անտիկ դարաշրջանում գուշակության ձևերը բազմաբնույթ էին` երազների միջոցով (օնիրոմանտիա), ըստ որոշ թռչունների թռիչքի (աուսպիցիա), կրակով (պիրոմանտիա), ըստ մարդու կառուցվածքի (մորֆոսկոպիա և ֆիզիոգնոմիկա), մահացածների միջոցով (նեկրոմանտիա), երկնային երևույթներով ու լուսատուների դասավորությամբ (աստրոլոգիա), կենդանիների ներքին օրգաններով, ձեռքի ափով (խիրոմանտիա) և այլն:

Գուշակներն զբաղվում էին հոգեչափությամբ (psychometry), մասնակցում ոգեկանչության «արարողակարգին», անբնական ներշնչման, «պայծառատեսության» վիճակում հայտնվում, հաղորդակցվում ոգեմիջնորդների (medium) հետ»: Գուշակության այդ բոլոր ձևերը առկա են նաև մեր ժամանակներում:
Կախարդներն իրենց մոտ եկողին կարող են ասել, որ նա գնա եկեղեցի, մոմ վառի, ինչ-որ գրություններ զետեղի եկեղեցու պատերի արանքում, կամ էլ աչքակապության համար իրենք իսկ գնան եկեղեցի, մոմ վառեն, սրբապատկերներ ու խաչեր պահեն, սրբերի անունները կամ Հիսուս անունը կանչեն, սաղմոսներ ասեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք կախարդության մեղքը չեն գործում, քանի որ այդ ամենը աղավաղված ենթատեքստ ունի:

Մարդուն շրջապատող դևերն ու հրեշտակներըքաջածանոթ են մարդու հոգևոր և հոգեկան առանձնահատկություններին, նրանց հետ կատարված դեպքերին ու նրանց մտքերին: Եվ քանի որ դևերը հաղորդակացվում են միմյանց հետ, նրանք միմյանց կարողանում են փոխանցել ինֆորմացիա: Օրինակ, կարող են միմյանց հաղորդել այն, թե ինչն է տանջում գուշակին դիմող մարդուն: Այսպես. մարդուն փորձող դևը այդ ինֆորմացիան հաղորդում է գուշակի դևին, ապա գուշակի դևը հաղորդում է իր ստրուկ կախարդին այն, ինչ իմացավ, իսկ գուշակն էլ, իբր, իմանում է իրեն դիմողի կյանքի մանրամասները:

Շատ կարևոր է իմանալ, որ դևերը նաև խաբեբա են և կարող են մարդկանց հուսահատեցնելու համար, կախարդի միջոցով ստելով, խոսել այնպիսի բաներից, որը կարող է ազդել մարդկանց հոգեկան հավասարակշռության վրա՝ դիպչելով մարդու հոգու ամենանուրբ թելերին. երբեմն անգամ գուշակելով մահ կոնկրետ տարիքում, սակայն, իհարկե, ստությամբ, քանի որ սատանայական ուժերը ապագան չգիտեն, այլ միայն ցանկանում են խաթարել մարդու անդորրը, նրան էլ ավելի հեռացնելով Աստծուց: Գուշակների չարագուշակություններին հավատ ընծայողը Աստծուց հեռանում է, քանի որ սկսում է վախենալ կամ հավատալ դիվական ստին ու հույսը չի դնում

Աստծու վրա, Քրիստոսի փրկագործության վրա ու Քրիստոսի բացարձակ զորության վրա: Ի՞նչ է ասում Աստվածաշունչը կախարդների, գուշակների, ոգեհմաների, ոգեհարցների, վհուկների, դյութողների մասին: Հայոց լեզվի բառարաններում «կախարդ» բառի դիմաց կարելի է գտնել հետևյալ հոմանիշները՝ խաբեբա, հմայող, հրապուրիչ, հուռթիչ, ձեռնածու, դեղագետ, քաղդյա, ռամզարկ, վհուկ, կյուսահմա, մոգ, ջադու, վարպետորդի և այլն: «Կախարդ» բառը ըստ ականավոր հայ լեզվաբան Գևորգ Ջահուկյանի ծագում է զենդերեն kaxvarda արմատից, որը նշանակում է «դիվական արարած»:

Իհարկե, այս բնորոշումը չի նշանակում, որ պարտադիր կերպով այդ մարդիկ դիվական արարածներ են, այլ նշանակում է, որ նրանք գտնվում են դիվական ուժերի ազդեցության տակ, և մեր կողմից անկեղծորեն ափսոսանք ենք հայտնում նրանց մոլորության համար: Այդ մարդիկ, եթե կամային որոշում են ընդունում՝ թոթափելու դիվական ազդեցությունն իրենց վրա, դադարեցնում են կախարդանքով զբաղվելը, ապաշխարում են և դառնում Աստծուն, կարող են հույս ունենալ Աստծու ներմանն ու ողորմածությանը:

Հաղորդման մեջ հյուրերը, նրանք, ում կյանքը գուշակում են կախարդները, հաճախ են հնչեցնում հետևյալ խոսքերը. «հավատում եմ Աստծուն», «ես աստվածավախ մարդ եմ», «ես քրիստոնյա եմ» (Նունե Եսայան, Զառա և այլք): Սակայն, եթե նրանք իսկապես աստվածավախ լինեին, երբեք իրենց հոգին բաց չէին անի գուշակների առջև. աստվածավախ մարդը գիտի, թե որն է Աստծու կամքը (եթե, իհարկե, խոսքը վերաբերում է քրիստոնեությանը և իրական Աստծուն, այլ ոչ թե, ասենք՝ Ալլահին, Բահաղին, Բայկալին, Զևսին կամ Կրիշնային): Իսկ Աստված Իր կամքը հայտնել է Իր Որդու միջոցով, և ողջ փրկագործության պատմությունը նկարագրված է Աստվածաշնչում:

Տեսնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում կախարդությունների, գուշակությունների, ոգեհարցուկների (ինչպիսին հաղորդման մասնակից Անի Գրիգորյանն է) վերաբերյալ: Հին Կտակարանում՝ Երկրորդ Օրենք գրքի 18.11-12-ում, գրված է հետևյալը. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի,մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. Այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից»։

Քանանի երկիր մտնելուց առաջ Աստված չի թույլ տալիս եբրայեցիներին որևէ շփում ունենալ ամենատարբեր կախարդություններով զբաղվող հեթանոս քանանացիների հետ, քանի որ նրանք կարող էին կախարդություն սովորեցնել Մովսեսի ժողովրդին, որը նախապատրաստվում էր ապագա Օծյալի գալուստին՝ Հիսուս Քրիստոսի ծնվելուն։ Ղևտական գրքում ասվում է հետևյալը. «Ես եմ ձեր Տեր Աստվածը։ Լեռների վրա մի կերե՛ք։ Կախարդությամբ մի՛ զբաղվեք։ Գուշակություններ մի՛ արեք թռչունների թռիչքները դիտելով» (Ղևտ. 19.26); «Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհմաների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք» (Ղևտ. 19.31):

Իսրայելի թագուհի Հեզաբելը գուշակություններով ու զանազան մոգություններով էր զբաղվում, որի պատճառով պատժվում է (Դ Թագ. 9.22, 33), իսկ Իսրայելի թագավոր Մանասեն սկսում է հետևել քանանական հեթանոս կրոնին ու դրա հետ կապված մոգական պրակտիկային: Բ Թագավորաց 21.6-իհամաձայն նա «իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց Նրան»։

Սուրբ Գրքում հանդիմանվում են նաև նրանք, ովքեր դիմում են գուշակներին Եսայի 8.19-ում ասվում է. «Եվ եթե ձեզ ասեն, թե՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն»։

Իսկ Եզեկիելի մարգարության մեջ (13.6-9) ասվում է, որ կախարդները խոսում են Աստծո անունից ու մոլորեցնում են մարդկանց. «…սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություններ անում ու ասում էին՝ «Այսպես է ասում Տերը»։ Բայց ես՝ Տերս, չէի ուղարկել նրանց։ …Ուստի ասա՛. «Այսպես է ասում Ամենակալ Տերը. այն բանի համար, որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակությունները՝ սնոտի, ահա դրա համար ես իմ ձեռքը, – ասում է Ամենակալ Տերը, – իջեցնելու եմ ձեզ վրա, նաև ձեր մարգարեների վրա, որոնք սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում»։

Նորկտակարանյան մոտեցումը ևս նույնն է: Գործք 16:16-ում ասվում է, որ Պողոս առաքյալը մի աղախնին հարցուկ դարձրած չար հոգու հանում է աղախնի միջից, աղախնի «գերբնական կարողությունները» հօդս են ցնդում, որից զայրանում են նրա գուշակություններով գումար վաստակող տերերը ու որոշում վնաս հասցնել Պողոս առաքյալին:

Պղծություն են գործում գուշակները նաև ըստ Գործք 8.11-24-ի, որտեղ խոսքը Սիմոն մոգի մասին է, իսկ Հայտն. 9.21-ում խոսվում է չապաշխարածների մասին. «Եվ մարդկության մնացած մասը, որ չմեռավ այս հարվածներից, չապաշխարեց, ոչ էլ հետ կանգնեց իր ձեռքի գործերից….։ Եվ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանությունից, կախարդությունից, պոռնկությունից և գողությունից»։

Սուրբ Գրքում հստակ սահմազատվում են կախարդները և Սուրբ Հոգով հրաշքներ գործող սրբակենցաղ մարդիկ, ինչպիսիք էին մարգարեները, առաքյալները և քրիստոնյա սրբերը: Նրանք ուղարկվում էին/են բարիք գործելու, բժշկումների դիմաց գումար չէին/չեն վերցնում, մարդու անցյալն ու ապագան չէին/չեն գուշակում, չնայած Սուրբ Հոգով իմանում էին/են մանրամասնություններ մարդու կյանքի մասին, ի տարբերություն կախարդների՝ ճակատագրապաշտ չէին/չեն, քանի որ գիտեն, որ մարդը ստեղծված է ազատ կամքով, և ինքն է կերտում իր կյանքի ուղին: Նրանք նախ կոչված էին/են մարդկանց բարոյական խրատներ տալու, ինչը երբեք չեն անում կախարդները:

Անդրադառնանք այդ հաղորդման հյուրերի հետ կատարված գուշակությունների մի քանի կետերի: Մեզ համար զարմանալի էր Զարուհի Բաբայանի արձագանքը… ինչպե՞ս կարելի է թեթևակի նեղանալ կախարդից, որը չար հոգի կանչեց, որպեսզի գուշակություններ կատարի. հետաքրքիր է՝ եթե մեկն այս երգչուհուն ֆիզիկական հարված հասցներ, ամենից հավանականն այն էր, որ նա կփորձեր իրեն պաշտպանել որևէ կերպ, իսկ այս դեպքում նա թեթևակի սրտնեղում է այն մարդուց, որը լուրջ հոգևոր վնաս է պատճառել երգչուհու հոգուն:

Սիրելի՛ Նունե Եսայան, Դուք ասացիք, որ հեռու եք մնացել սև մագիայից, ապա ի՞նչը ստիպեց Ձեզ դիմել այդ հաղորդմանը: Գոյություն չունի սև և սպիտակ մագիա, բարի և չար մագիա. մագիան միշտ չար է: Դուք չանհանգստացա՞ք, երբ կախարդներից մեկն ամենավերջում ասաց. «Զգուշացե՛ք սև մոգերից, նրանք կգողանան Ձեր հոգին և կգողանան Ձեր հանգիստը»:

Սրանք սովորական մարդկային սնափառությամբ ասված խոսքեր են մի մարդու կողմից, որի հանգիստն արդեն գողացվել է, իսկ նրա հոգու մասին՝ թող Աստված դատի: Սակայն մի ուղղում. հանգիստը և հոգին գողացողը կախարդը չէ, այլ այն ուժերն են, ովքեր մարիոնետի նման ղեկավարում են կախարդին:

Լիլիթ Կարապետյանն արդյո՞ք իրեն հարց տալիս է, թե՝ ինչո՞ւ աղոթագիրքը ստացած մոգը չի կարողանում գուշակություն անել՝ իր իսկ խոսքերով՝«ցավոք սրտի բաժին հասավ գրպանի աղոթագիրք. աղոթագրքից ես չեմ կարողանա քաղելու ոչ մի ինֆորմացիա… ուժերի չհամապատասխան բան կա»: Ի՞նչ հակադիր ուժեր են դրանք.., աղոթագիրքը պատկանում էր դիվային զորությանը ոչ հասու հոգևոր ոլորտին, դրա համար կախարդը չկարողացավ գուշակություն անել:

Բայց սա էլ մտածելու տեղիք չի տալիս, և իրը փոխելու որոշում է կայացվում: Չենք անդրադառնա բոլոր չար մտքերին ու գործողություններին ու բոլոր հյուրերին: Մարդու համար դժվար է խոստովանել, որ ինքը հիմարություն է արել, սակայն կախարդներին դիմողներն ի վերջո թանկ են վճարում, եթե այդպես էլ մնում են առանց ապաշխարության:

Ի վերջո կուզենք հորդորել աղոթքներ կարդալ Ս. Գրիգոր Նարեկացու մատյանից՝  առանց բացառության՝ և՛ կախարդներին, և՛ մինչ օրս նրանց դիմած անձանց, և՛ այդ հաղորդումը պատրաստողներին՝ ապաշխարել ու Աստծուն վերադառնալ, դիմել եկեղեցու սպասավորներին, անցնել նշանակված ապաշխարության կարգը, թոթափել կախարդության և կախարդներին դիմելու, նրանց հովանավորելու, մեր օրերում նաև՝ հեռուստատեսությամբ գովազդելու մեղքերը: Կուլ մի՛ գնացեք պատրանքներին:

Քրիստոս հաղթել է սատանայական ամենայն զորությանը, մեղքին ու մահվանը:
Ս. Միքայել հրեշտակապետը մեզ պահապան:

Հեղինակ՝ Շուշան Խաչատրյան, աստվածաբան
Աղբյուրը՝ http://ter-hambardzum.net/
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ