02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քարոզարշավի մեկնարկը տրված է. Հայաստանը 6-րդ անգամ նախագահ կընտրի

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է: ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն, նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր` հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը` ժամը 24.00-ը:  Փետրվարի 17-ը կհայտարարվի ”լռության օր”, իսկ փետրվարի 18-ին տեղի կունենա քվեարկությունը:

Այս նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվող թվով վեցերորդն են: Հիշեցնենք, որ 1991 թվականի ընտրությունների արդյունքում ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: 1996-ի ընտրությունների արդյունքներով նա վերընտրվեց:  1998 թ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի եւ ԼՂ հարցում երկրի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Տեր-Պետրոսյանը հեռացավ պաշտոնից:

Արտահերթ նախագահական ընտրություններում նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որը վերընտրվեց պաշտոնում 2003 թ.-ին եւ պաշտոնավարեց մինչեւ 2008 թվականը: 2008թ-ի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներով  երկրի նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, որը պաշտոնավարում է առայսօր:

Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվել էր ինը թեկնածու: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ”Ազգային միաբանության” նախագահ,  Արտաշես Գեղամյանը, ՕԵԿ նախագահ, Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը եւ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

Այս ընտրություններում թեկնածուները ութն են: Նախորդ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից այս ընտրություններին մասնակցում են միայն երեքը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը: Մյուս թեկնածուներն են` ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ‘’Ռադիո Հայ’’ ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Նշենք, որ այս ընտրություններում չմասնակցեցին խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը` ՀԱԿ-ը, որի ընրազանգվածն ակնկալում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը եւ ՀՅԴ-ն: Ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին հայտարարություն արեց նաեւ ԲՀԿ-ն` չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման մասին ավելի վաղ շրջանառվող տեղեկություններին:

Նկատենք, որ վերոնշյալ ուժերը թեեւ չեն առանջադրել սեփական թեկնածու եւ չեն հայտարարել առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին սատարելու մասին, բայց եւ իրենց համակիրներին ընտրությունները բոյկոտելու կոչ չեն արել:

 Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության նախագահը, համաձայն Սահմանադրության, ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հանրապետության Նախագահն ընտրվում է ՀՀ  քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ