Սաակաշվիլին Իվանիշվիլիի երեւանյան հայտարարությունը ՛՛հակապետական՛՛ է որակել
Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը` Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին “հակապետական” է անվանել: “Հայաստանում արված այդ հայտարարությունը հաշվի չի առնում Վրաստանի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական շահերը”,-նախագահի խոսքերն է մեջբերում “Новости-Грузия”-ն:
Նա նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի միայն Աբխազիայի դեօկուպացիայի խնդրի լուծման հետ կամ դրան զուգահեռ, քանի որ “երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացում է նշանակում”:
Սաակաշվիլին կարծում է, որ այժմ նման հաղորդակցության կարիք էլ չկա, քանի որ Վրաստանն այլընտրանքային ճանապարհ ունի դեպի Եվրոպա` Ախալքալաք-Կարս երկաթուղին, որը մրցակցային է առաջին հերթին Ռուսաստանի համար:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկաթուղու վերագործարկման մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: