Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Այս մասին հայտնում են նախագահականից:
Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական և հետևողական:
Նախագահի համոզմամբ, ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է նաև դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլը գոհունակությամբ է խոսել ՀՀ Նախագահի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական և կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաև այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարևորվել և հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,-ասել է Ալան Միլը: