Քոչարյանի «վերջին ակորդը»
«Ազատություն» ռադիոկայանին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ երկրորդ նախագահը չի պատրաստվում դեկտեմբերի 6-ին մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ Սահմանադրության փոփոխության հանրաքվեին:
Հիշեցնենք, Քոչարյանը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրա մեջ պետության ամրության խարխլման լուրջ հիմքեր ու վտանգներ է տեսնում.
«Միանշանակ դեմ եմ այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում:
Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ երկրորդ նախագահը գտնվում է Հայաստանում: Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած այն գնահատականներին` քննադատելով սահմանադրական փոփոխությունները՝ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները «մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցրել», Վիկտոր Սողոմոնյանը փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարայնի հետ այդ հարցազրույցը դեռ չի քննարկել: