23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է. ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել

Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդին ԵԱՀԿ նախարարական հավաքում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցված կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կողմերի համար ընդունելի միակ ձևաչափն է, որը վայելում է նաև ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությունը։ Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքում։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը նորից վերահաստատել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը համատեղ միջնորդելու հանձնառությունը:

Նրանք ողջունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպումը: «Վերջին շրջանում լարվածության աճի հետ կապված մենք հորդորում ենք կողմերին կրկին հանձն առնել հակամարտության խաղաղ կարգավորումը և փարատել բոլոր թյուրընկալումներն այն մասին, որ իրենք լուրջ չեն տրամադրված բանակցված կարգավորման հասնելու իրենց մտադրություններում: Կողմերը պետք է շարունակեն դեռևս 2014  թվականին Սոչիում, Ուելսում և Փարիզի գագաթնաժողովում սկսված քննարկումները համապ արփակ կարգավորման բաղադրիչների շուրջ, և պետք է ակտիվացնեն երկխոսությունը 2016 թվականին՝ այն առաջարկությունների հիման վրա, որ ներկայումս դրված են  քննարկման»,- ասվում է նախարարական հավաքի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում:

ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչներն ընդգծել են, որ այս տարի բռնությունների զգալի ավելացումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում անկայուն է դարձրել ստատուս-քվոն: Նրանք հատկապես դատապարտել են ականանետերի և մյուս ծանր զինատեսակների օգտագործումը և ցավակցություն հայտնել դրանց պատճառած  քաղաքացիական կորուստների համար. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ռազմական լուծում գոյություն չունի, որևէ  բան չի կարող արադարացնել խաղաղ քաղաքացիական անձնաց սպանությունը և վիրավորումները: Մենք խստագույնս կոչ ենք անում կողմերին նվազեցնել լարվածությունը և պաշտպանել բնակիչներին: Համանախագահներն առաջարկել են ռիսկի նվազեցման միջոցառումներ, այդ թվում` ԵԱՀԿ հետաքննչական մեխանիզմներ, որոնք կողմերին կոչ ենք անում ներդնել»:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները ողջունել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման գործում գրանցված առաջընթացը և խրախուսել հետագա համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ: Ընդգծվել է, որ ԵԱՀԿ-ն պետք է երաշխավորի բավարար ֆինանսավորում այս կարևոր մարդասիրական միջոցառման լիակատար ներդման համար:

Համատեղ հայտարարությամբ կոչ է արվել ԼՂ հակամարտության կողմերին ազատ արձակել բոլոր գերիներին, որը համահունչ է 2010 թվականի հոկտեմբերին` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշանության նախագահների կողմից ընդունված Աստրախանի հռչակագրի ոգուն:

Հարևան ժողովուրդների միջև փոխվստահության ձևավորման նպատակով շեշտվել է հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության անհրաժեշտությունը:

«Վերջին տարվա ընթացքում մենք ականատես եղանք ԵԱՀԿ համանախագահների և Մինսկի խմբի ձևաչափի դեմ ուղղված հարձակումների: Մենք շեշտում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կողմերի համար ընդունելի միակ ձևաչափն է, որը վայելում է նաև ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությունը:  Բանակցային գործընթացում եղած արգելքների մեջ համանախագահներին մեղադրելու ցանկացած փորձ  միայն քողարկում է խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը, այն է` բանակցված կարգավորման հասնելու ոչ բավարար քաղաքական կամքը Հայաստանում և Ադրբեջանում»,- նշվ ում է հայտարարության ամփոփման մեջ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ