Ֆինանսների նախարարությունը անտեսել է առողջապահության նախարարության կարծիքը
‘’Ես ինքս գտնում եմ, որ այդտեղ կան շատ հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն’’,-այսօր անդրադառնալով հունվարի մեկից ուժի մեջ մտած ‘’Արտոնագրային վճարների մասին’’ օրենքի փոփոխություններին եւ ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում դրա հետեւանքով առաջացած խնդիրներին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նշենք, որ այս փոփոխություններով ստոմատոլոգիական ծառայությունը եւս մտել է օրենքի ներգործության դաշտ եւ այսուհետ ատամնաբույժները յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռի` բոռ-մեքենայի համար պարտավոր են պետությանը վճարել 80-100 հազար դրամ: Փոփոխությունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դժգոհություն են առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մոտ: Ստոմատոլոգները անգամ ԱԺ-ի, ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Առողջապահության նախարարն այսօր ասաց, որ հարցը լուրջ քննարկման փուլում է գտնվում: ‘’Ես երկու օր առաջ հանդիպել եմ ստոմատոլոգների հետ, այսօր եւս պատրաստվում եմ նրանց հետ հանդիպել: Այս պահին մեր մասնագետները, այդ թվում նաեւ ստոմատոլոգները, ֆինանսների փոխնախարարի հետ են հանդիպում: Կան հարցեր, որոնք կրկնակի են դրված հարկման դաշտում, մասնավորապես, ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկակական աթոռները, այսպես կոչված, համալսարանական կլինիկաներում ստոմատոլոգիական աթոռների խնդիրը եւս պարզաբանման կարիք ունի, ինչպես նաեւ զննման կաբինետների հարցը’’,-մանրամասնեց Դերենիկ Դումանյանը:
Ֆինանսների փոխանխարարի հետ հանդիպումից հետո նախարարությունը հանդես կգա առաջարկությամբ:’’Իմ կարծիքով, այդ հարցերը պարզաբանելուց հետո մեր ստոմատոլոգները շատ հանգիստ կաշխատեն’’,-հավելեց նախարարը:
Հարցին, թե ինչու մինչ օրենք դառնալը փոփոխությունները չեն քննարկվել, արդյոք առողջապահության նախարարության կարծիքը հաշվի չեն առել, Դերենիկ Դումանյանն արձագանքեց.’’Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինանսների նախարարությունը: Խնդրում եմ այդ հարցերը ուղղել իրենց: Մեզ կարծիքի ներկայացրել են, որից հետո փոփոխություններ եղել են’’:
Դերենիկ Դումանյանը չբացառեց քննարկումների արդյունքում սահմանված վճարի շեմի փոփոխության հնարավորությունը.’’Շեմի հետ կապված մասնագիտական հաշվարկներ են կատարվում, ամեն ինչ հնարավոր է, նաեւ հանարվոր է, որ չիջեցվի շեմը’’:
Ինչ վերաբերվում է Հայաստանում ստոմատոլոգիական ծառայության որակին եւ մատչելիությանը, Դերենիկ Դումանյանը նշեց.’’ Գնային առումով դեռեւս չեմ լսել, որ բողոքներ լինեն: Հայաստանում այս ծառայության որակը չի զիջում, իսկ գները մատչելի են’’: Նախարարը հավելեց, որ վերջին շրջանում անգամ Եվրոպայից Հայաստան են գալիս հատուկ սռոտոմատոլոգիական բուժում ստանալու համար: