Մանվելիզմից հեռու կմնա. ինչպիսին կլինի Արշալույսը դեկտեմբերի 6-ին /վիդեո/
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համայնքապետի ընտրությունները համընկել են Սահմանադրական հանրաքվեի օրվա հետ:
Համայնքի ղեկավարի թեկնածու Աշոտ Սարգսյանը պնդում է, որ գործող գյուղապետի լիազորությունները ավարտվում են փետրվարին և վերջինս հեռահար նպատակներ ունենալով` ջանքեր է գործադրել հենց դեկտեմբերի 6-ին ՏԻՄ ընտրությունների գնալու համար:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն գյուղում երկու թեկնածուների միջև լուրջ ու անզիջում պայքար է սկսվել: Մի կողմում Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ազգականն է՝ Զարզանդ Գրիգորյանը, ում հետ վերջինս բարիդրացիական հարաբերություններ չունի, մյուս կողմում համագյուղացի Աշոտ Սարգսյանը:
Henaran.am-ի զրուցակիցը գյուղապետի թեկնածու Աշոտ Սարգսյանն է, ով նշեց, թե ինքը գյուղում «մանվելիզմ» կառուցելու նպատակ չունի, քանի որ գեներալը կապ չունի այս ընտրությունների հետ:
«Իմ անձը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված է հետևյալ կերպ, որ երկուսս էլ ծնվել ենք նույն թվականին, նույն ամսին և ընդամենը երեք օր տարբերությամբ: Մենք դպրոցական ընկերներ ենք ու ունենք ընկերական կապեր: Պետք չէ նման հռչակ վայելող մարդու անձը կապել Սարգսյան Աշոտի ընտրության հետ»,-ընդգծեց Սարգսյանը:
Սարգսյանը անկուսակցական է: Հետագայում արդյոք չի հարի ՀՀԿ-ին, քանի որ նման փորձառություն կա` ընտրվելուց հետո համայնքապետերը հանրապետականանում են, ասաց` չի կարող ասել: