«Սահմանադրական այս փաթեթը մեր հոգուց է բխում»
«Քաջարանում «ոչ»-ի և «այո»-ի կողմնակիցները քարոզարշավ իրականացրել են: Բոլոր քննարկումները անցել են ողջախոհ ու կշռադատված: Ժողովուրդը ակտիվ մասնակցել է քննարկումներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը:
Մեր հարցին, թե մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Քաջարանում ՀՀԿ և ՕԵԿ անդամների միջև լուրջ բախում է եղել և բանը հասել է անգամ բռունցքներին՝ քաղաքապետը պատասխանեց. « ՀՀԿ-ի շրջանային խորհրդի նախագահը ես եմ և ՕԵԿ մասնաճյուղ, որպես այդպիսին Քաջարանում չի եղել: Քաջարանում ՕԵԿ անդամներ չկան: Նման բան առաջին անգամ եմ լսում: ՕԵԿ-ը Քաջարանում անգամ գրասենյակ չունի: Հանձնաժողովում ընդգրկված ՕԵԿ անդամն էլ Քաջարան քաղաքի բնակիչ չէ: Ձեռնամարտի մասին խոսք լինել չի կարող, ապշում եմ մարդկանց երևակայության վրա»:
Գևորգյանը հավաստեց, որ քաջարանցին կողմնորոշվում է . « Չհավատացողներին հրավիրում եմ Քաջարան, մենք մեր դիրքորոշումը վաղուց ունենք: Հանդիպելով քաղաքացիներին` համոզվել եմ, որ «այո»-ի կողմնակիցները Քաջարանում գերակշռում են միանշանակ, որովհետև քաջարանցին այսօր չէ, որ պետք է իր պետության կողքին լինի և համարում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների այս ներկայացված փաթեթը միանշանակ մեր հոգուց է բխում:
Մեծ սիրով բոլորին հրավիրում եմ Քաջարան, որ հասկանան` ինչ է իսկական ընտրությունը: Թող հասկանան, թե ինչ մաքուր առաքինի մարդիկ են քաջարանցիները: Ես ինքս պատերազմի մասնակից եմ ու նշում եմ, որ մեր միակ նպատակը խաղաղ ու լուսավոր երկիր կերտելն է և եթե ձեռնամարտի կարիք լինի՝ դա կլինի միայն արտաքին թշնամու դեմ: Հայաստանում թշնամիներ չկան, մենք էլ մեր երկրի հիմքում ենք»: