ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Մեքսիկայի պատգամավորների պալատում. Մեքսիկայի խորհրդարանը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին
Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաեւ կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:
Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասաց, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետեւանքների մասին, պարզաբանումներ տվեց այդ կապակցությամբ եւ ընդգծեց, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին եւ խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաեւ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրեց ՀՀ ԱԺ-ում Մեքսիկայի Սենատի եւ Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին եւ փոխանցեց Սենատի եւ Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձները:
Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասաց, որ Պատգամավորների պալատում եւս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձեւավորմանը, ինչն անկասկած փոխգործակցության կարեւոր ձեւաչափ կդառնա: