Չկա նման բան. Դումանյանը` մարդկային օրգանների վաճառքի մեղադրանքների մասին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մարդու օրգանների վաճառքի վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքներին, որը հնչեցրել է ‘’Նաիրի’’ բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված քաղաքացի Նունե Մաղաքյանի ամուսինը` Կարո Կարապետյանը:
‘’Չկա նման բան , չի էլ կարող լինել նման բան: Պրոֆեսոր Օկոեւը անմիջապես սպառիչ պատասխան է տվել, խնդիրը նաեւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել, այդ պատասխանը սպառիչ է եղել եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ’’,-ասել է Դերենիկ Դումանյանը:
Նախարարը անդրադարձել է նաեւ տոնական շրջանում արձանագրված ահազանգերին եւ նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ավելի քիչ թունավորումների դեպքեր ենք ունեցել:
Բացի ՃՏՊ-ի հետ կապված ահազանգերից, հիմնականում այլ դեպքեր չեն գրանցվել: Նախարարը կարծում է, որ այս միտումը պայմանավորված է նրանով, որ ազգաբնակչությունն արդեն իսկ գիտակցում է, որ իր առողջության պահպանմամբ նախ եւ առաջ ինքը պետք է մտահոգվի:
Խոսելով ԱՆ 2013թ առաջնահերթություններին, Դումանյանն ասել է, որ այս տարի ուշադրություն է դարձվելու բժշկական որակի բարձրացմանը, դեղերի ոլորտին, մարզերի համաչափ զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսների արդյունավետ կառավարմանը, որպեսզի եղած միջոցների շրջանակում առավել մեծ ծավալի աշխատանքներ տարվեն:
Ինչ վերաբերվում է հիվանդություններից, ԱՆ ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ոչ ինֆեկցիոն հիվանդությունների` սիրտանոթային համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների տարածման եւ շաքարային դիաբետի դեմ պայքարին եւ կանխարգելմանը միտված քայլերը: Ընդհանուր մահացության ցուցանիշներում այս երեք հիվանդույթւոնները գերակշռում են: