Փրկարարների կողմից հիվանդանոց հասցրած կինը տղա է ունեցել
Այսօր՝ հունվարի 7-ին, Ապարանի բժշկական կենտրոնում բարեհաջող ծննդաբերություն է ունեցել երեկ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի եւ Ապարանի բժշկական կենտրոնի ու կնոջ հարազատների կողմից Նիգավան գյուղից Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված Գյուլնարա Պետրոսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ապարանի հիվանդանոցում ծնվել է Գ. Պետրոսյանի առաջնեկը: Ֆոտոլրագրողը զրուցել է Ապարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հայկ Շմավոնյանի հետ, ով հայտնել է, որ ծնվել է տղա երեխա (քաշը’ 3.5 կգ), եւ մայրն ու երեխան գտնվում են լավ վիճակում: Երեխայի անունը դրել են Սամվել:
Հունվարի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի տներից մեկում երիտասարդ կինը ծննդաբերում է, եւ շտապօգնության բրիգադը ճանապարհի մերկասառույցի եւ անանցանելիության պատճառով չի կարողանում մտնել գյուղ:
Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները ամենագնացով կարողացել էին մեծ դժվարությամբ անցնել անանցանելի ճանապարհը, ու հղի վիճակում գտնվող 19-ամյա Գյուլնարա Պետրոսյանին հարազատների հետ գյուղից տեղափոխել են Երեւան-Ապարան մայրուղի, որտեղից էլ շտապօգնության բրիգադը աղջկան տեղափոխել էր Ապարանի հիվանդանոց:
Ամենագնացը թաղվել էր ձյան մեջ եւ չէր կարողանում առաջ շարժվել, իսկ հրշեջ փրկարարները հղի կնոջը շուրջ 2 կմ տեղափոխել են պատգարակով: