Գեղեցիկ կին. բեռ, թե երջանկություն
Ստորև ներկայացված է երիտասարդ ու գեղեցիկ մի կնոջ անկեղծ խոստովանություն, որը գրավոր կերպով արձանագրել է կրոնական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Իվան Իլյինը: Կանացի գեղեցկության մասին այդ ակնարկից ներկայացնում եմ փոքրիկ մի հատված` ռուսերենից ազատ թարգմանությամբ:
«…Մարդկանց մեծամասնության համար կնոջ գեղեցկությունն ընդգծվում է սոսկ արտաքինով. հիանում են նրա մարմնով և ցանկանում են այն (այնքա՜ն հաճախ, այնպե՜ս տարրականորեն ու աննպատակ են ցանկանում այն): Ամենևին «անհրաժեշտ չէ» որ կինը լինի խելացի, նրբանկատ, կիրթ: Հոգևորի հետ ևս նա կարող է ոչ մի ընդհանուր բան չունենալ. դրանք միանգամայն «ավելորդություններ» են, ինչպես, որ ավելորդ է վեցերորդ մատը ձեռքի վրա:
Տղամարդիկ նայում են մեզ վրա, և նրանց հայացքը դառնում է ծանր, մշուշոտ ու հիմար: Կնոջ հոգու հանդեպ, որքան էլ այն լինի նուրբ ու հարուստ, նրանք հազիվ թե ունակ լինեն որևէ իրական հետաքրքրություն ցուցաբերել: Որքա՜ն հաճախ է ինձ առիթ ընձեռվում զգալ, թե ինչպե´ս է ինչ-որ մեկը անտարբեր անցնում կողքովս և իմ` այսպես կոչված գեղեցկությունն ընկալում որպես իմ ամբողջական էություն:
Այս իսկ պատճառով այնքա՜ն դժվար է դառնում մեզ համար իրական հոգևոր մերձեցումը, իրական ընկերությունը: Խելացի տղամարդիկ հաճախ անվստահ են`կարծելով, թե մենք անմիտ ենք ու դատարկ, իսկ մյուսները` ինքնավստահ և հանդուգն. հեշտորեն համարձակվում են մոտենալ մեզ, սակայն հաճախ ոչինչ չգիտեն ընկերության ու հոգևոր ներաշխարհի մասին:
Եթե միայն հնարավորություն ստեղծվեր լինել գեղեցիկ ոչ բոլորի, այլ միայն ոմանց` քչերի, ընտրյալների համար: Այդկերպ գուցե շատ ավելի լավ լիներ, սակայն իրականում այդպես չի լինում: Այս պատճառով ես հաճախ ասում եմ ինքս ինձ. «քանի դեռ մարդիկ չեն սովորել խնամել գեղեցիկ կնոջը, գեղեցկությունն առավելաբար բեռ կլինի կնոջ համար, քան երջանկություն, կլինի չարչարանք, քան ուրախություն»:
Միայն անզգամ, թեթևամիտ կանայք կամ նրանցից անմիտներն ու չարամիտներն են կարողանում անկաշկանդ հիանալ իրենց «գեղեցկությամբ»:
Կարո՞ղ է արդյոք գեղեցիկ լինել անմիտ կամ չարամիտ կինը, ես չգիտեմ: Իմ այս հարցին պետք է պատասխանեք Դուք` որպես շնորհակալություն այս անկեղծությանս»: