Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ «Hurriyet» օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը, գրում է Ermenihaber.am-ը:
Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը: Չամլըն եղել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի վարորդը: Իսկ Էրդողանի հետ նրա բարեկամությունը սկսվում է Մետրիսի բանտից, որտեղ երկուսն էլ դատապարտյալներ են եղել: Այդ ժամանակ Չամլըն դեռևս 14 տարեկան է եղել:
Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի մեկին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել էր քվեների49.48 տոկոսը և մեջլիսի 550 պատգամավորական աթոռներից զբաղեցրել 317-ը:
Աղբյուր` Ermenihaber.am