26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ չի հասցրել անել Վարդան Մինասյանը 2012-ին. բացառիկ հարցազրույց /վիդեո/

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխություններին, բացատրել է “հայկական” խաղաոճի առանձնահատկությունները և նշել է այն մարզիչներին ու ֆուտբոլիստներին, ովքեր մեծ ազդեցություն են թողել իր վրա: 

Պարոն Մինասյան, նախ փորձենք ամփոփել 2012 թվականը: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն մեր ազգային հավաքականի և մեր ֆուտբոլի համար:

Եթե փորձեմ հնարավորինս կարճ ձևակերպել, կարող եմ ասել որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անցնող տարին այնքան էլ հաջող չէր մեր համար արդյունքների առումով, հատկապես եթե համամատելու լինենք 2010-2011 թվականների հետ:

Ձեր կարծիքով ժամանակակից ֆուտբոլը շա՞տ է տարբերվում 90-ականների ֆուտբոլից, երբ դուք դեռևս ֆուտբոլիստ էիք:

Իհարկե, շատ է տարբերվում, որովհետև այստեղ առկա է մարդկային գործոնը: Մարդը միշտ զարգանում է թե ֆիզիկապես, թե մտավոր առումով: Հենց այդ պատճառով հիմա պայքարն ավելի ուժային է, իսկ արագություններն էլ ավելի բարձր են:

Կարծիք կա, որ ժամանակին ֆուտբոլը վառ անհատականությունների խաղ էր, փոխարենը հիմա մեծացել է մարզիչների դերը: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Ինչ-որ տեղ համաձայն եմ, որովհետև հիմա առաջին պլան են մղվել տակտիկական առաջադրանքները, սխեմաները, բայց, միևնույն է, որքան էլ դրանք կիրառես կամ ինչ-որ առաջադրանքներ տաս, կատարողը ֆուտբոլիստն է: Ընդհանրապես, ես հիմա սկսել եմ ուշադրություն դարձնել, թե զարգացման ինչ միտումներ կան ժամանակակից ֆուտբոլում, որովհետև հիմա բոլորն էլ սովորել են ֆուտբոլ խաղալ, ունեն որոշակի տակտիկական սխեմաներ, թիմային պաշտպանություն: Այստեղ կան շատ կարևոր 2 գործոններ: Առաջինը անցումներն են պաշտպանությունից հարձակում և հակառակը: Այն թիմերը, որոնք հաջողությամբ են իրականացնում այդ անցումները, ավելի բարձր արդյունքների են հասնում: Իսկ ամենակարևորը ֆուտբոլիստի անհատական որակներն են, որովհետև հիմա բոլոր թիմերն էլ շատ խիտ և կոմպակտ են պաշտպանվում, ինչի արդյունքում ֆուտբոլիստի անհատական վարպետությունը մղվում է առաջնային պլան: Հենց այս գործոններն են, որ շատ են ազդում ֆուտբոլի վրա:

Ժամանակակից ֆուտբոլում բուն խաղին նախորդում է մտավոր երկարատև աշխատանքը, մեծ դեր ունեն նաև ծրագրային, տեխնոլոգիական նոր լուծումները: Այդ ամեն ինչը կա՞ մեր ֆուտբոլում:

Իհարկե կա, առանց դրա չի լինի, քանի որ վերլուծությունը շատ կարևոր գործոն է ֆուտբոլում: Նույնիսկ հաղթանակներից հետո պետք է վերլուծել, թե դու ինչի հաշվին հաղթեցիր: Ինչ վերաբերում է զուտ վիճակագրական կողմին, ֆեդերացիան ունի վերլուծական ծրագրեր, որոնք տրամարդվել են հավաքականին և որոնք մեզ շատ են օգնում:

Ինչ նոր միտումներ կան այսօր համաշխարհային ֆուտբոլում և Եվրոպական ֆուտբոլում և որքանո՞վ են այդ միտումները մեզ վերաբերվում:

Բավականին հետաքրքիր հարց էր: Երբ մենք մեկնել էինք ՊՐՈ լիցենզիայի դասընթացներին, ներկա գտնվեցինք Եվրոպայի առաջնության 6 հանդիպումների, որոնցից հետո մենք պարտադիր վերլուծում էինք դրանք՝ համադրելով մեր տեսածն ու վիճակագրությունը: Հետաքրքիր միտում նկատեցինք, որ թիմերի մեծ մասը փորձում էր իշխող ֆուտբոլ խաղալ և ավելի շատ տիրել գնդակին: Դա հատկապես հետաքրքիր էր այն առումով, որ չնայած ժամանակակից ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, թիմերը փորձում էին ռիսկային ֆուտբոլ խաղալ: Այդ փոփոխությունը հատկապես վառ կերպով դրսևորվեց Իտալիայի հավաքականի օրինակով: Դրանից առաջ իտալացիները մշտապես խաղում էին պրագմատիկ ֆուտբոլ՝ օգտագործելով իրենց հանրահայտ “կատենաչիոն”, բայց կամ իրենց ներկայիս մարզչի, կամ ժամանակակից ֆուտբոլի թելադրանքով նրանք այս տարի խաղում էին շատ գրավիչ ֆուտբոլ: Նույնիսկ եզրափակիչում՝ Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, նրանք չհրաժարվեցին իրենց մարտավարությունից և խաղում էին նույն կերպ:

Իսկ կա՞ն մարզիչներ, որոնց աշխատանքային ոճն ու խաղային փիլիսոփայությունը ձեզ հոգեհարազատ են:

Իհարկե կան: Նախ նշեմ, որ 2003 թվականից սկսած՝ ես աշխատել եմ շատ մարզիչների հետ՝ որպես օգնական: Նրանցից ամեն մեկը ինչ-որ նոր բան տվեց հայկական ֆուտբոլին: Ինձ շատ հոգեհարազատ էին Սամվել Դարբինյանի և Յան Պորտերֆիլդի մոտեցումները՝ թե ֆուտբոլային, թե մարդկային առումով: Իսկ եթե խոսենք ներկայիս մարզիչներից, ինձ դուր է գալիս Արսեն Վենգերի աշխատանքը:

Ի՞նչն է ամենակարևորը մարզչի և ֆուտբոլիստի միջև հարաբերություններում:

Ընդհանրապես, բոլոր ֆուտբոլիստները վառ անհատականություններ են և իրենց հետ զուտ մարդկային առումով պետք է շփվել, ինչպես հավասարը հավասարի: Ես իմ աշխատանքում շատ եմ կարևորում թիմում տիրող մթնոլորտը: Մարզիչը պետք է կարողանա հասկանալ, թե ինչ է ուզում ֆուտբոլիստը, փորձի մտնել նրա վիճակի մեջ և ամեն ինչի հասնել բացատրելու միջոցով: Հավատացեք, որ այդպես ավելի հեշտ է:

Շատ հաճախ դուք նշում եք, որ հավաքական հրավիրվելու համար ֆուտբոլիստը պետք է համապատասխանի 3 չափանիշների, որոնցից մեկն էլ հայրենասիրությունն է: Կտաք հայրենասիրության Ձեր բնորոշումը:

Ես երբեք չեմ հրաժարվում իմ կողմից սահմանված այդ 3 չափանիշներից, բայց դրանց մեջ առաջնայինը հենց հայրենասիրությունն է, որովհետև հիմա ֆուտբոլը ոչ թե պարզապես խաղ է, այլ մասնագիտություն և աշխատանք: Ֆուտբոլը դադարում է խաղ լինելուց, երբ դու արդեն պրոֆեսիոնալ պայմանագիր ես ստորագրում: Ինչպես գիտենք ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է՝ 10-15 տարի և այդ ընթացքում նա պետք է կարողանա բավականաչափ վաստակել հետագայում ապրելու համար: Հենց այդ պատճառով այստեղ առաջնային պլան է մղվում ֆինանսական կողմը: Իսկ եթե խոսում ենք հավաքականի մասին, այստեղ ֆինանսների մասին խոսք անգամ լինել չի կարող: Այստեղ ֆուտբոլիստի համար խաղալու միակ մոտիվացիան պետք է լինի հայրենասիրությունը: Եթե ֆուտբոլիստը սիրում է իր երկիրը, նա հավաքական է գալիս մեծ ցանկությամբ և դաշտում անում է հնարավոր ամեն ինչ: Այս առումով մեր ներկայիս հավաքականում ամեն ինչ կարգին է:

Կան ֆուտբոլային տարբեր ոճեր՝ գերմանական, բրիտանական, իտալական, բրազիլական, իսպանական: Իսկ Ձեր կարծիքով ո՞րն է հայկական ֆուտբոլի խաղաոճը և ի՞նչ է փոխվել մեր խաղաոճում տարիների ընթացքում:

Ճիշտն ասած՝ նույնիսկ հավաքականների մակարդակով հիմա գլոբալիզացիայի տենդենց է նկատվում: Օրինակ, եթե վերցնենք Գերմանիայի հավաքականը, ապա նրա խաղաոճը հիմա շատ ավելի գրավիչ և հարձակողական է դարձել, ինչը, հավանաբար, պայմանավորված է այլ ծագում ունեցող նոր ֆուտբոլիստների ի հայտ գալով, որոնցից ամեն մեկը ինչ-որ նոր բան է տալիս գերմանական ֆուտբոլին: Իսկ եթե խոսելու լինենք Հայաստանի հավաքականի մասին, ապա, իմ կարծիքով, մեզ հոգեհարազատ է հենց այն ոճը, որով հիմա խաղում է մեր հավաքականը, այսինքն՝ կարճ և միջին փոխանցումներով խաղը: Եթե մենք փորձել խաղալ այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին խաղում են սկանդինավյան երկրները, ապա մենք հաջողություն չենք ունենա, քանի որ բնությունից օժտված չենք այդպիսի ֆուտբոլ խաղալու տվյալներով: Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք խաղալ հենց այս ոճով, որը ինչ-որ տեղ մոտ է իսպանականին:

Սլովակիայի հետ խաղում 3-րդ գոլից հետո Ձեր ցնծությունը վկայո՞ւմ է, որ դուք ուզում եք հավաքականի կատարմամբ տեսնել հենց այդպիսի ոճի ֆուտբոլ:

Մեր թիմը, որոշ բացառություններով հանդերձ, գրեթե միշտ լավ ֆուտբոլ է խաղացել: Հավաքականը հիմա ունի հստակ խաղաոճ, ինչը շատ կարևոր է: Հետևաբար, չեմ կարող ասել, որ այդ պահը բացառություն էր, հավաքականն ունեցել է նաև այլ լավ խաղեր:

Իսկ կարո՞ղ եք նշել ձեր գլխավորությամբ հավաքականի խփած ամենագեղեցիկ գոլը և ամենակարևոր գոլը:

Եթե դիտարկենք զուտ կոմբինացիոն առումով, հավաքականի ամենագեղեցիկ գոլը Անդորրայի հավաքականի հետ երևանյան խաղում մեր խփած 2-րդ գոլն էր: Ինձ շատ դուր եկավ նաև արդեն ձեր կողմից հիշատակված 3-րդ գոլը Սլովակիայի հավաքականի դարպասը: Գրեթե նույն ոճի էր նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը Լիտվայի հավաքականի դարպասը: Իսկ ամենակարևորը Հենրիխ Մխիթարյանի 2-րդ գոլն էր Սլովակիայի հավաքականի հետ արտագնա խաղում: Հենց այդ գոլը բեկումնային եղավ և օգնեց մեղ հաղթանակ տանել:

Եթե Ձեզ հնարավորություն տրվեր կազմել աշխարհի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը, ովքե՞ր կլինեին նրա կազմում:

Շատ դժվար է հանպատրաստից պատասխանել այդ հարցին: Ես կցանկանայի նշել այն ֆուտբոլիստներին, որոնց խաղն անձամբ եմ տեսել, քանի որ 80-ական թվականներից առաջ հանդես եկած ֆուտբոլիստների խաղերը չեմ տեսել և միայն կարդացել եմ նրանց մասին: Դարպասապահը հավանաբար կլիներ Ռինատ Դասաևը: Եթե փորձեմ խառը կարգով նշել, հարձակվողներից իմ վրա մեծ տպավորություն է թողել Օլեգ Բլոխինի խաղը: Հարձակողական ոճի խաղացողներից չեմ կարող չնշել Զիդանին, Ռաուլին, Ֆիգուին, Ստոիչկովին: Պետք է նշել նաև Խորեն Հովհաննիսյանին, որը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ էր, և եթե այն ժամանակ լինեին ներկայիս հնարավորությունները, անպայման կխաղար եվրոպական բարձրակարգ ակումբում: Նշում եմ հիմնականում հարձակողական ոճի ֆուտբոլիստների, որովհետև այդ ոճը հոգեհարազատ է ինձ: Եթե խոսենք պաշտպանների մասին, միգուցե շատերի համար զարմանալի լինի, բայց ինձ շատ էր դուր գալիս Ալեքսանդր Չիվաձեի խաղը: Շատերին կարելի է նշել, ուղղակի դժվար է միանգամից կողմնորոշվել, քանի որ լավ ֆուտբոլիստները շատ-շատ են եղել:

Իսկ կարո՞ղ եք նշել 3 լավագույն ֆուտբոլիստներին, ում կողքին խաղացել եք:

Կարող եմ նշել Սարգիս Հովսեփյանին, որովհետև նա ինձ համար միշտ էլ եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի չափանիշ: Բնականաբար, լավագույններից է Խորեն Հովհաննիսյանը, որովհետև ես հասցրել եմ խաղալ նրա կողքին ՀՄԸՄ-ում և նրա ազդեցությունը շատ մեծ է եղել իմ վրա: Եվ կարող եմ ասել, որ, չնայած այն ժամանակ իր երիտասարդ տարիքին, մեծ տպավորություն է թողել Էդգար Մանուչարյանը, որի հետ ես նույնպես հասցրեցի խաղալ մոտ մեկ տարի: Նա ուներ այնպիսի որակներ, որ կարողացավ այդքան երիտասարդ տարիքում տեղափոխվել “Այաքս”:

Կա՞ ինչ-որ բան, որ չեք հասցրել 2012-ի ընթացքում, բայց կցանկանայիք հասցնել 2013-ին:

Ընդհանրապես, իմ սկզբունքների մեջ չի մտնում զղջալ իմ արածների կամ չարածների, ճիշտ կամ սխալ քայլերի համար: Բնականաբար, ես վերլուծում եմ ամեն ինչ, բայց չեմ կենտրոնանում դրա վրա, քանի որ, եթե չես կարող ինչ-որ բան փոխել, կենտրոնանալու իմաստ չկա: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ 2013 թվականը, հաշվի առնելով նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառները, մարզական բախտի կամ հակառակորդի գործոնները ավելի լավ դասավորվեր հավաքականի համար, քան 2012-ը:

Ձեր մաղթանքը մեր ֆուտբոլասերներին գալիք տոների կապակցությամբ:

Առաջին հերթին, խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձություններն աշխարհում և այն հանգամանքը, որ շատ հարցեր դեռևս կարգավորված չեն նաև մեր երկրի համար: Բնականաբար մեր ազգին մաղթում եմ առողջություն: Շատ կարևոր է լինել ֆիզիկապես և հոգեպես առողջ: Եվ երրորդը, ինչ կցանկանայի մաղթել մեր ժողովրդին, բարեկեցությունն է, որը նույնպես շատ կարևոր է բոլորի համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ