Տարոն Մարգարյանը օգտատերերի հետ էր
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի եւ բլոգերների հետ: Կարեւորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսեւորումները, որոնք հատկապես կառուցողական եւ դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաեւ սոցիալական մի շարք հարթակներում եւ, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին. “Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին եւ վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է եւ լսում է բոլոր կառուցողական առաջարկները”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծելով, որ իրեն հատկապես ոգեւորում է երիտասարդների ակտիվությունը մայրաքաղաքի կյանքին առնչվող քննարկումներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները:
Հանդիպման ավարտին քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է եւ պատրաստակամ կառուցողական ցանկացած առաջարկության եւ քննարկումների համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն