Նոր Սահմանադրությամբ այս դեպքերում արգելվում է ամուսնանալ
Henaran.am-ը երեկ անդրադարձել էր, թե ինչպես է ամուսնանալու իրավունքն ամրագրված գործող Սահմանադրության մեջ և Սահմանադրության փոփոխությունների փաթեթում :
Նշել էինք, որ նախագիծը դնում է որոշ սահմանափակումներ, որոնք գործող Սահմանադրության մեջ չկան: Խոսքը գնում է հոդված 34-ի 3 կետին, որի համաձայն` ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով:
Henaran.am-ը պարզել է այն դեպքերը, որոնք կարող են խաթարել հանրային շահերի պաշտպանությունը` հղում անելով քաղաքացիական օրենսգրքին:
Այսպես, արգելվում է ամուսնություն կնքել.
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների,պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Հավելենք, որ մարդուն անգործունակ ճանաչում են այն դեպքում, երբ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով վերջինս չի կարողանում հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները: