Վարչապետն անփոփո՞խ է.Ժամանակ
ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու: “ժամանակ” օրաթերթի տեղեկություններով, նման կարծիքի հիմք են հանդիսացել նրա` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կայացած հանդիպումները:
Այցի ընթացքում նա հանդիպել է նաեւ “Հազարամյակների մարտահրավերներ” կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Նրանք քննարկել են առաջիկայում ՀՀ-ում այդ ծրագրի վերաֆինանսավորման հնարավորությունները: Բացի այդ, Տ. Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընի հետ, ինչը հազվադեպ երեւույթ է ՀՀ վարչապետների դեպքում:
Այդ հանդիպումները նկատի ունենալով` ՀՀԿ-ականների գերակշիռ մասը համոզված է, որ նա վերանշանակվելու է իր պաշտոնում, եւ որ այդ հանդիպումները նաեւ վկայում են, որ դա նաեւ Արեւմուտքի ցանկությունն է. չէ՞ որ ՀՀ իշխանություններն առանցքային պաշտոնների նշանակումները համաձայնեցնում են ուժային կենտրոնների հետ: