ՀՅԴ-ն չի բացառում որեւէ տարբերակ, ընդհուպ ընտրությունները բոյկոտելը
Ամենաուշը դեկտեմբերի 25-ին ՀՅԴ-ն կավարտի բոլոր քննարկումները եւ կորոշի արտահերթ գերագույն ժողովի օրը, որի ընթացքում էլ վերջնականապես կհստակեցնի եւ կհրապարակի իր դիրքորոշումը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Դաշնակցական պատգամավորն, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ ԲՀԿ-ի կողմից նախագահական ընտրությունների բոյկոտելը, ինչպես նաեւ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումը որեւէ կերպ չեն կարող ազդել ՀՅԴ-ի որոշման վրա, որովհետեւ իր գործողությունները այլ քաղաքական ուժերի գործողություններով չի պայմանավորում: Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ-ն շարունակելու է քննարկումները քաղաքական ուժերի հետ, որպեսզի հիմնավոր եւ փաստարկված որոշում կայացնեն:
Մեր այն հարցին, թե ՀՅԴ-ն անցնող քննարկումների ժամանակ արձանագրե՞լ է այն հիմքը, որը հնարավորություն կտա միավորվել իրենց առաջարկած 7 կետերի շուրջ, Աղվան Վարդանյանը պատասխանեց.”Բնականաբար`կա, դեռեւս ամեն ինչ կորած չէ, բայց ակնհայտ է, որ դաշտը գնալով նեղանում է եւ մեծ համախոհություն չկա այս առումով եւ դրա տարողությամբ էլ պայմանավորված` մենք մեր որոշումը կկայացնենք”:
Նրա խոսքով, ՀՅԴ-ի 7 կետերը 1 ամբողջություն են եւ նվազագույն պայմանն են, որի շուրջ կարող է համաձայնություն կայանալ, բայց եւ ՀՅԴ-ն չի բացառում, որ քննարկումների ընթացքում նոր դրույթներ ավելանան կամ փորձ արվի ձեւակերպել նվազագույն փոխզիջումների դաշտ:
Նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի դիրքորոշման հետ կապված` Աղվան Վարդանյանը չբացառեց որեւէ տարբերակ, ընդհուպ մինչեւ սեփական թեկնածուն չառաջադրելու եւ ընտրությունները բոյկոտելու տարբերակը.”Մենք ցայսօր չենք բացառել որեւէ տարբերակ”,-նշեց Աղվան Վարդանյանը: