Մի փողկապի պատմություն. ԱՎԾ պետին դուրս չեն հրավիրել
“Դա ծիծաղելի է, նման ասեկոսերներն իրականությանը չեն համապատասխանում եւ նման բան չկա: Պարոն Մնացականյանը հեռացավ, այնուհետեւ վերադարձավ, որովհետեւ մենք այդ պահին քննարկում էինք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հետ կապված կանոնակարգ օրենքում փոփոխության հարցը եւ քանի որ երկար քննարկում էր, մարդը գնաց եւ վերադարձավ այն ժամանակ, երբ պետք է համապատասխան նախագիծը քննարկեինք”,- այսօր անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փողկապ չկապելու համար դուրս է հրավիրել ԱՎԾ պետին, Henaran.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ դահլիճից, փաստորեն, դուրս է արել ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին, որն ԱԺ էր գնացել 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը ներկայացնելու` առանց փողկապի՝ շագանակագույն պիջակով եւ սեւ ‘’վադալասկայով’’:
Մեր այն հարցին, թե այս դեպքում ինչով կարելի է բացատրել հագուստի փոփոխությունը, որը նկատել են լրագրողները, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.”Դա բացառապես պարոն Մնացականյանի խնդիրն է: Հաստատ ԱԺ ղեկավարությունը նման հրահանգ պարոն Մնացականյանին չի իջեցրել: Մենք գործընկերային հարաբերույթունների մեջ ենք կառավարության մեր հարգարժան գործընկերների հետ”:
Հետաքրքրվեցինք, իսկ ԱԺ-ում, ընդհանրապես “դրես –կոդ” ասվածը կա: Շարմազանովը նշեց, որ ծիծաղելի կլինի, եթե օրինակ` ԱԺ պատգամավորը խորհրդարան` նիստի գա ջինսերով կամ ասենք, երեկոյան զգեստով: Իսկ մեր դիտարկանը, թե որոշ պատգամավորներ, օրինակ` առանց փողկապի են գալիս խորհրդարան, Էդուարդ Շարմազանովն ասաց.
”Կարեւորը` կոկիկ լինել եւ պաշտոնական`ԱԺ-ին համապատասխան: Գուցե մարդը փողկապ չկապի, բայց կոստյումով լինի եւ կոկիկ հագնված, իհարկե, ցանկալի է, որ փողկապ լինի, բայց ամեն մարդ ինքն է որոշում”: