Սերժ Սարգսյանն ընդունել է Ալեն Դելոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված ”Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի պրեմիերային:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ:
Ֆրանսիացի անվանի դերասանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար, ընդգծել, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն՝ նրա մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ է հետևել շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, իսկ անցյալ տարի՝ նաև Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան:
Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Երևանում ցուցադրվելիք “Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմով, նշելով, որ հայերի, ինչպես և միջերկրյածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, և եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը, ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին, ֆիլմը նվիրել են մայրիկներին, ուրեմն այն, իր կարծիքով, արժեքների հավերժության մասին է, իսկ թեման՝ բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների համար՝ մշտապես արդիական:
Ալեն Դելոնը նշել է, որ չնայած այդ լիրիկական կատակերգության մեջ փոքր մասնակցությանը, ինքն էլ մեծագույն սիրով է խաղացել իր դերը և անչափ ուրախ է Հայաստան այցի համար, որտեղ իրեն հաճելիորեն զարմացրել է իր այդքան ճանաչված և սիրված լինելը:
Նշանավոր դերասանը սիրով ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ կրկին այցելելու Հայաստան և ավելի հանգամանորեն ծանոթանալու մեր երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից: