Սա նոր Հայաստան է, եւ վերջ … Սերժ Սարգսյան
“Այդ տարիների ընթացքում խորքային քայլեր են կատարվել, որոնք նոր պետք է պտուղներ տան: Սկսածը ավարտին հասցնելու համար սա շատ կարեւոր է”,-քիչ առաջ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդգծելով “Լավ, արդար ընտրությունների անցկացումը մեզ համար առաջնային խնդիր է”-եւ որ անցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հրաշալի արձագանքներ ապահովեցին:
Հայաստանը, ՀՀԿ առաջնորդի խոսքով` որպես պետություն արդեն կարողանում է գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել եւ պատրաստվում է այդ ուղով շատ ավելի առաջ գնալ:
Նախագահը նշեց, որ “Հանրապետականը” հանդես եկավ ‘ ’’հանուն’’ գաղափարով եւ չգործեց ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանեց քաղաքական երկխոսության գաղափարը, առաջարկեց ճանապարհ, որը տանում է դեպի ՀՀ անվտանգութւյան ամրապնդումը եւ ապագայում էլ չի շեղվի այդ ճանապարհից:
“Հայաստանի զարգացումն այն միակ երաշխիքն է, որն ապահովելու է մեր ժողովրդի ինքնությունն ու հարատեւությունը քաղաքացիների բարեկեցությունը, սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում”,-շեշտեց Սերժ Սարգսյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին` իրեն առաջադրելու համար:
Եզրափակելով 2013թ. նախագահական ընտրություններում իր նախընտրական ծրագրի ներկայացումը, Սերժ Սարգսյանն ասաց .’’Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ: Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ: Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ: Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է եւ վերջ: Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է եւ վերջ: Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաեւ հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է եւ վերջ: Կեցցե Հայաստանը, առաջ դեպի ապահով Հայաստան‘’: