Դեկտեմբերի 6-12-ը ՀՀ-ում 3 բալից ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Ս.թ. դեկտեմբերի 6-ից մինչեւ 12-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ, որից 6-ը օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումներն են: Դեկտեմբերի 6-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքատալա քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 3-4 բալ: Վերջին 5 երկրաշարժերի ուժգնություններն էպիկենտրոններում կազմել են 3 բալ: Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Մակու քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք: Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին 2 երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան (Նախիջեւան) սահմանային գոտում` Վեդի քաղաքից 26 կմ հարավ-արեւելք: Դեկտեմբերի 10-ին սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնն է Իրանի Խոյ քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք գտնվող հատվածը: Դեկտեմբերի 12-ին ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով տեղի է ունեցել 4 երկրաշարժ: Դեռ երկար կպահպանվի սեյսմիկ ակտիվ վիճակը ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան տարածքում (Խաղաղ օվկիանոս): Դեկտեմբերի 7-ին նշված գոտում գրանցվել է 7.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, որին րոպեներ անց հետեւել է 6.2 մագնիտուդով հաջորդ ստորգետնյա ցնցումը: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է մինչեւ 2 մ բարձրությամբ ցունամիի մասին, ինչի հետեւանքով համապատասխան տարածքում բնակչությունը հնարավորինս արագ տարհանվել է: Մոտավորապես 1 մետրանոց հարուցված ցունամին վնաս չի պատճառել: Երկարատեւ ստորգետնյա ցնցումները խուճապի են մատնել Միյագի պրեֆեկտուրայի բնակիչներին, մայրաքաղաքում Տոկիոյում ճոճվել են երկնաքերերը: Նույն օրը Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում գրանցված երկրաշարժն ունեցել է 6.3 մագնիտուդ: Դեկտեմբերի 10-ին Բանդա ծովում` ինդոնեզական կղզիների մոտ, տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, որը թույլ զգացվել է Հյուսիսային Մալուկու նահանգում: Երկրաշարժերի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան:
“ՍՊԾ” գործակալություն