Հայաստանում կստեղծվի ուսումնական կենտրոն
ԵՄ բարեփոխումների արդյունավետ իրականացման եւ վերջիններին աջակցելու նպատակով` Հայաստանում կստեղծվի “Բարեփոխումների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոն”, որը կզբաղվի պետական գերատեսչությունների աշխատակիցների ուսումնական դասընթացների եւ վերապատրաստման աշխատանքների կազմակերպմամբ` հետագայում ներառելով պետական, հանրային եւ քաղաքացիական հատվածների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են Եվրոպական բարեփոխումների գործընթացներին: Կենտրոնի ստեղծման նախաձեռնության շուրջ այսօր համապատասխան փաստաթուղթ ստորագրվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի ներկայությամբ: Այս գաղափարը հավանության է արժանացել Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ղեկավարության եւ այլ միջազգային գործընկերների կողմից:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված բարեփոխումների իրականացման գործում մասնագիտացված կադրերի միջազգային չափանիշներով պատրաստման անհրաժեշտությունը` ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը` ի դեմս Հայաստանում այդ կազմակերպության մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի, այսօր ստորագրել է Աջակցության հավաստման հայտարարություն, որով իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն տրամադրել “Բարեփոխոււմների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի” հիմնադրման հարցում` Կենտրոնի հովանու ներքո իրականացնել կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրեր` Եվրոպական Հանձնաժողովի կողմից արդեն իսկ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ` եվրոպական ինտեգրման գործընթացի հետ հետագա ռազմավարական համընթացությունն ապահովելու համար, ինչպես նաեւ մասնակցել միջազգային հանրության` Կենտրոնի կարողությունների զարգացմանն ուղղված աջակցության համակարգմանը` ապահովելու համար վերջինիս կողմից իր մանդատի լիարժեք կատարումն ի շահ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարեւորեց “Բարեփոխոււմների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի” ստեղծումը, ապա նշեց. “Այսօր Հայաստան Եվրամիություն բարեփոխումները, շուրջ 164 ուղղությամբ, հաջող ընթացք ունեն: Այդ բարեփոխումների իրականացման գործընթացում չափազանց կարեւոր է վերապատրաստված պետական ծառայողներ ունենալու պարագան: Ես կարծում եմ` այս նախաձեռնությունը հնարավորություն կտա, որ պետական կառավարման մարմիններում ընդգրկված պետական ծառայողները, հանրային սեկտորի ներկայացուցիչները մի կողմից տեղեկացված լինեն Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մյուս կողմից ստանան պատշաճ վերապատրաստում եւ վերաորակաորում` կարողանալու խթանել այդ բարեփոխումների գործընթացին: Այս կենտրոնի ստեղծումը նաեւ կհանդիսանա լուրջ գործիք պետական կառավարման եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվելու բազմաթիվ ծրագրերին, որոնք առաջարկում է Եվրամիությունը: Մեզ անհրաժեշտ է ավելի ագրեսիվ ու նախաձեռնողական մոտեցում, որպեսզի կարողանանք այդ բարեփոխումները մեր երկրում դարձնենք անշրջելի: Իսկ այդ գործընթացում կրթության եւ վերապատրաստման դերը չափազանց կարեւոր է: Մենք կարող ենք ունենալ հրաշալի սահմանային ենթակառուցվածքներ, Բավրա, Գոգավան, Բագրատաշեն անցակետերում հրաշալի շենքային պայմաններ, բայց դա ոչինչ է, եթե մենք չունենանք պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը կարող է այդ գեղեցիկ շինությունների մեջ ճիշտ, բովանդակային գործառույթներ իրականացնել: Մարդիկ պետք տեսնեն եւ զգան երկրում դրական փոփոխությունները, որի հիմքում եվրոպական լավագույն փորձն է”:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նախ ողջունեց նախաձեռնությունը, ապա նշեց, որ Հայաստանում հաջողությամբ առաջ են գնում բարեփոխումները, եւ ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի խոսքով ԱԱԽ-ի եւ ՄԱԿ-ի համագործակցությունը կարեւոր շարունակություն է ստանում.”Փաստաթղթի ստորագրումը մեր համատեղ երկար աշխատանքի պտուղն է: ՄԱԶԾ-ն ողջունում է “Բարեփոխոււմների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի” ստեղծումը եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել: