19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երշիկի մեջ միսը 17 տոկոս է կազմել. բացահայտում ՏՄՊՊՀ-ից

Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրությունների ընթացքում ՏՄՊՊՀ-ը բացահայտել է  անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների:  Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը : Այդ ընկերություններն են՝ ՛՛Առ Դելիկատես՛՛, ՛՛Նատֆուդ՛՛,  ՛՛Մուշ՛՛, ՛՛Ա. Բիլյան՛՛, ՛՛Ջրվեժի մսամթերքի կոմբինատ՛՛,Մարիլա,  ՛՛Բաբիկ 90՛՛, ՛՛Էրեբունի Աստղ՛՛, ՛՛Հայր և որդի Գալստյաններ՛՛, ՛՛Երեմկա՛՛, ՛՛Էլիտ Պրոդ՛՛, ՛՛Ա Շիրվանյան և ըկերներ՛՛, ՛՛Արտյոմ և Հրայր եղբյարներ՛՛, ՛՛Լումա՛՛, ՛՛Կարինե և Նարինե՛՛, ՛՛Նեպտուն Մար՛՛, ՛՛Սոս 97’’, ՛՛Տիրան Ղազարյան՛՛, ՛՛Գայան Ջամե՛՛, ՛՛Բարի արագիլ՛՛, ՛՛Արթուր Հակոբյան՛՛ ԱՁ:

Շաբոյանը նշեց, որ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն:  Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում  օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս:  Սակայն հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացում, ախորժելի գույն, կպչունություն ապահովելու համար օգտագործվում են մեծաքանակ համային և գունային հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում՝ նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ ՛՛մանկական՛՛ անվանումով երշիկների պարագայում:

Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի մեկ կիլոգրամի գինը կազմում է յոթ հարյուրից ութ հարյուր դրամ: Քանի որ հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, ապա այս փաստերը հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի մեկ կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի բարձր է:

՛՛Սոյան բավականին մեծ քանակությամբ է օգտագորված, խառնվելով ջրի հետ, լրացուցիչ զանգված է ապահովում երշիկի համար, միսն էլ կազմել է  տասնվեց-տանսյոթ տոկոս՛՛,-վրդովված ասաց Շաբոյանը: Օրինախախտների հանդեպ նշանակվել է օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով: 

Նշենք, որ նիստին չէին ներկայացել ընկերությունները: Ընկերություններից մեկի տնօրենն է ներկայացել միայն, սակայն իմանալով, որ նիստը լուսաբանվում է, հեռացել է: Ներկա էր միայն  ՛՛Կարինե և Նարինե՛՛ ընկերության հաշվապահ Գեղամ  Պողոսյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընկերությունն արդեն տասը տարուց ավելի է, որ զբաղվում է երշիկի վաճառքով: Իր ընտանիքը ևս օգտվել է, և առողջական խնդիրներ չի ունեցել: Այս ընկերության դեպքում փաթեթի վրա գրված բաղադրությունը չի համապատասխանել ներքին բաղադրությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ