Տարոն Մարգարյանը Լիոնում գործնական հանդիպումներ է ունեցել
Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով` Լույսերի տոնին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:
Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող «Սիտրալ» տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը չմերժելու համար, ՛՛Սիտրալ՛՛-ի նախագահը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հայեցակարգն ու ծրագրերը: Բեռնար Ռիվալտան նախ նշել է, որ Մեծ Լիոնում քաղաքային տրանսպորտի աշխատանքներն իրականացվում են բացառապես իրենց ձեռնարկության կողմից` օրական ապահովելով 1.4 մլն բնակչության տեղաշարժը: Ձեռնարկության կառավարման տիրույթում են ինչպես վերգետնյա հասարակական տրանսպորտային միջոցները, այնպես էլ Լիոնի մետրոպոլիտենը:
Լիոնի քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասով էլ ՛՛Սիտրալ՛՛-ի նախագահը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում երթուղագծերի ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, որի նպատակով արդեն իսկ նախատեսել են ծախսել շուրջ 2.1 մլրդ եվրո:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և աշխատանքների կազմակերպան մոտեցումների հանգամանալից ներկայացման համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի առկա վիճակն ու նշել, որ դաշտի կանոնակարգման ուղղությամբ ներկայում իրականացվող փոփոխությունների շրջանակում ողջունելի կլիներ լիոնյան հաջողված փորձի որոշակի մոտեցումների կիրարկումը: Այս նպատակով Երևանի քաղաքապետը առաջարկել է, հնարավորության դեպքում, գործնական քայլեր ձեռնարկել մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ:
Ողջունելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը, Բեռնար Ռիվալտան պատրաստակամություն է հայտնել երևանցի գործընկերներին ծանոթացնել կառավարման իրենց մոտեցումներն ու հնարավորին նպաստել Երևանում դաշտի կանոնակարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու և այն Երևանում ներդնելու համար:
Մինչ այս հանդիպումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տուրիզմի զարգացման հարցեր է քննարկել Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի պատմամշակութային առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանն այսօր բաց և պատրաստակամ է քննարկել տուրիզմի խթանման ու զարգացման տարբեր առաջարկներ, այդպիսով նաև գործնական հենք ստեղծելով երկուստեք փոխշահավետ համագործակցության հեռանկարների ուղղությամբ:
Համաձայնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմանը, Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ որպես Լիոնի փոխքաղաքապետ համակարգելով նաև տուրիզմի ոլորտը, հնարավորության սահմաններում կփորձեն օժանդակել Երևանում ոլորտի զարգացման աշխատանքներին, այդ թվում նաև մասնագիտական խորհրդատվության տեսքով: