Ծառուկյանը որոշեց. քաղաքական դիլեման լուծված է
Ամիսներ շարունակ հայ քաղաքական դաշտի սպասողական տվայտանքներին կարծես թե վերջ է դրվում: ԲՀԿ առաջնորդի շուրջ քաղաքական դիլեման լուծված է. Henaran.am-ի տեղեկություններով, մոտ մեկ ժամ առաջ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կայացրել է վերջնական որոշում` առաջադրվելու նախագահական ընտրություններում: Նա, մեր տեղեկություններով, Բրյուսելից զանգահարել է իր կուսակիցներին եւ տեղեկացրել այդ մասին:Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այդ մասին դեռևս տեղեկություն չունի:
”Հենց որ ես ունենամ հանձնարարություն խոսնակի լիազորությունների շրջանակներում տեղեկացնել ձեզ և հանրությանը որոշակի տեղեկատվություն, ես այն կտրամադրեմ, այս պահին պատասխանս սա է”,-ասաց Ուրիխանյանը:
ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդը և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամները աշխատանքային այցով գտնվում են Բրյուսելում: ”Պարոն Ծառուկյանն այսօր գերհագեցած գրաֆիկով հանդիպումներ է ունեցել եվրոպական բարձրագույն պաշտոնյաների հետ”,-ասաց Տոնոյանը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Տոնոյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանը առաջիկա օրերին հայտարարություն կանի: ”Շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, հավատացնում եմ ձեզ”,-եզրափակեց նա: