“ՀԵՆԱՐԱՆ”-ը դիմավորեց Վիշապին. այնուամենայնիվ, գաղտնիքներ կան
Տոներին, հատկապես Նոր տարվան, լրագրողները փորձում են այս կամ այն հանրային դեմք ներկայացնողներից պարզել, թե ինչպես են դիմավորելու տոնը: Որոշեցի նմանատիպ հարցերով դիմել նաեւ իմ գործընկերներին, նրանց, ում հետ միասին աշխատում եմ Henaran.am-ում: Դե բնականաբար միշտ Ազգային ժողովի, կառավարության նիստերից կամ այլ նշանակված հանդիպումներից չուշացող գործընկերուհիներս հունվարի 2-ին, առավոտյան ժամը 12-ին դեռ քնած էին: Ավելին, իմ հեռախոսազանգը նրանց մի փոքր “վախեցրեց”: “Հո՞ բան չի պատահել, հո՞ գործի չենք”,-միանգամից հարցրին նրանք:
Երբ ասացի զանգի պատճառը, նրանցից մի քանիսը, ինչպես պաշտոնյաները “ծանրացրին” իրենց: “Զանգեք մի փոքր ուշ”, “Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս”` նման պատասխաններ տվեցին ինձ: Արդեն ուզում էի վկայակոչել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի որոշ դրույթներ, երբ գործընկերուհիներս պատրաստակամություն հայտնեցին ձայնագրվելու:
Աստվածն առաջ
“ՀԵՆԱՐԱՆ”-ի գլխավոր խմբագիր Լիլիթ Դավթյանը Նոր տարին դիմավորել է ընտանեկան շրջապատում: “Նվերներ տվել եմ բոլորին` ամուսնուս, երեխաներին, տատիկներին: Սովորական եմ դիմավորել, ինչպես բոլոր հայ ընտանիքները”,-ասում է Լիլիթը:
Ի դեպ, նա չթաքցրեց թե ինչ նվերներ է ստացել` օծանելիք, փող` նույնիսկ արտարժույթով, ոսկե շղթա` սանիկներից: “Եթե հավատանք կանխատեսումներին, ապա Վիշապը բարեհաջող է լինելու: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում աշխարհին եւ բոլորիս ձեռնարկները, գործերը թող հաջողակ լինեն: Ուզում եմ մանուկների տխուր աչքեր չլինեն”,-մաղթում է Լիլիթ Դավթյանը:
Չգիտես ինչու, Լիլիթը այս տարի բոլորին շնորհավորելիս` առաջինը ասել է “Աստված առաջ”, հետո մնացածը: “Չգիտեմ, տարիքս է, կամ…Ենթագիտակցաբար թե գիտակցաբար ասում էի` առաջն Աստված, հետո շնորհավորում: Հիմա էլ եմ կրկնում` առաջն Աստված ու սիրելիներս, լավ կլինի հաստատ: Մի’ հուսահատվեք”,-ասաց Լիլիթն ու շտապեց հերթական հյուրերին ընդունելու:
Գաղտնիքները չբացահայտող վանաձորցի աղջիկը
Ողջ տարին նախարարների եւ պատգամավորների հետ “գլուխ դրած” Մարիաննա Ղահրամանյանը Վիշապի տարին դիմավորել է փորքիկ հայրենիքում` Վանաձորում, հարազատների հետ, որոնց կողքին չէ տարվա ընթացքում: Մարիաննան հավատում է Ձմեռ պապիկին: “Չնայած նամակ չեմ գրել այս տարի, բայց նվերներ ինձ ուղարկել էր: Ու սպասեց այնքան մինչեւ քնեմ, եւ լուսաբացին դրեց բարձիս տակ”,-կես կատակ, կես լուրջ ասաց Մարիաննան:
Ինքն էլ ժլատ չէ, եւ նվերներից անմասն չպահեց իր մտերիմներին: Ցանկություն, անշուշտ, կեսգիշերին` պահել է: Ինչքան էլ ես համառեցի ու փորձեցի տարբեր խորամանկ հարցերով իմանալ Մարիաննայի գաղտնիքը` չհաջողվեց: “Ջանք մի թափիր` իզուր է: Կներես, չեմ բարձրաձայնի երազանքս, որ կատարվի: Ասում են, որ ուրիշները իմանում են` չի կատարվում”,-ասաց գործընկերուհիս:
Վիշապի տարում Մարիաննա Ղահրամանյանը նախ իր գործընկերներին “համբերություն եւ բարի լուրեր” է մաղթում: “2012թ-ը բուռն տարի է լինելու` քաղաքական զարգացումներով, ուստի, նախ մաղթում եմ լրագրող գործընկերներիս ուժ ու եռանդ`այդ ամենը օբյեկտիվ ու օպերատիվ լուսաբանելու համար:
Իսկ ընդհանրապես, բոլորին մաղթում եմ առաջին հերթին առողջություն եւ անձնական երջանկություն, մաղթում եմ, որ հավատան սեփական ուժերին եւ երբեք չհուսահատվեն”-ասաց զրուցակիցս:
Այս օրերին ընտանեկան միջավայրում հանգիստը վայելող Մարիաննա Ղահրամանյանը հետեւում է օրվա լրահոսին եւ փորձում տեղյակ լինել զարգացումներին: “Այնպես չէ , որ չեմ աշխատում”,-ասաց նա:
Խոհափիլիսոփա միջազգայնագետը
Միջազգային լուրերի պատասխանատու Անի Գյոդակյանն էլ Երեւանում ծնողների հետ դիմավորեց Նոր տարին: “Բարձր տրամադրությամբ, նոր
Հետո միացա ընկերներիս, մինչեւ այգաբաց տոնեցինք 2012-ը, պարեցինք, ուրախացանք, ապա մի փոքր զբոսնեցի երեւանյան փողոցներում եւ գնացի տուն”,-նշեց Անին:
Իհարկե, շատերի նման նա եւս երազանք է պահել, սակայն չբացահայտեց բովանդակությունը: Միայն ասաց, որ երազանքը խոհափիլիսոփայական է:
Անիի մոտ ավանդույթ է Ամանորը սկսել “Հայր Մեր”-ով ու երազանք պահել: “Արեւելյան օրացույցի “կենդանական” ցիկլի հետ հույսեր չեմ կապում. ապավինում եմ բացառապես Աստծուն:
Քանի որ առջեւում քրիստոնեական ամենակարեւոր տոնն է` Սուրբ Ծնունդը, բոլորիս մաղթում եմ ինքնամաքրում, մեկմեկու հանդեպ հանդուրժողականություն, սեր, սրտի եւ մտքի ոչ հակասություն”,-եզրափակեց Անին:
Ձգտումները չպակասեն
Անուշ Պետրոսյանը, ով ողջ տարին տվյալ պահի կարեւորագույն թեմաների եւ հարցերի մասին ասուլիսներ էր հրավիրում, այժմ լիովին տոնական տրամադրության մեջ է: Վիշապի տարին նա նույնպես տանն է դիմավորել` ընտանիքի, հարազատների, հարեւանների հետ, որից հետո տոնը շարունակել է ընկերների հետ`մինչեւ լուսաբաց վայելելով պարն ու երաժշտությունը: Նա շատ է սիրում երգել, եւ իհարկե, այդ գիշեր էլ երգել է:
Նվերներ ստացել է. “Անսպասելի ու հետաքրքիր նվերներ եմ ստացել: Անակնկալները տարվա սկզբից սկսվեցին”,-ասաց Անուշը: Փորձեցի ճշտել, թե արդյոք այդ նվերները օժիտում են արդեն տեղ գտել`ծիծաղեց: “Նվերներս խորհուրդ են կրում ու դրանով իսկ կնպաստեն այս տարվա հաջողությաններիս: Բայց ես կառանձնացնեի նկարիչ Լուսիկ Ագուլեցու նվերը: Հատուկ է, պատրաստված եւ օրհնված է”,-ասաց Անուշ Պետրոսյանը: Իսկ այս տարվանից Անուշի ակնկալիքները շատ են: “Երեք ամիս հաստատ բեղուն է լինելու, մեկնելու եմ Բեռլին սովորելու եւ կատարելագործվելու: Ես սիրում եմ Բեռլինը”,-ասաց Հենարանի ակումբավարը:
“Ուզում եմ ներդաշնակ ու համերաշխ լինի մեր ներաշխարհը` արտաքին աշխարհի հետ, բայց ձգտումները չպակասեն բոլորիցս: Ձգտենք կատարելագործվել, դրանով իսկշենանցնենք ու զարգացնենք մեր երկիրը”,-բարեմաղթեց Անուշը:
Լինենք բարի
Ինչ վերաբերում է ինձ` տողերիս հեղինակին, ապա ես էլ Ամանորը դիմավորեցի մերնոց հետ` Սյունիքում: Ասում են Նոր տարին ընտանեկան տոն է, ուստի թերեւս բոլորը ձգտում են հայրենի օջախները: Երազանք չեմ պահել` մոռացա, մտքերով էի տարված: Խմեցի, երաժշտություն լսեցի ու փորձեցի ի մի բերել անցած տարիս: Լավ, վատ, հաջող, անհաջող, վայրէջքներ ու վերելքներ` ամեն ինչ կար: Սխալական չեմ. գուցե եւ ցավ եմ պատճառել ոմանց, բայց շատ-շատերն էլ` ինձ: Ուզում եմ պարզապես ներողամիտ լինենք, սիրենք միմյանց ու հիշենք Համո Սահյանի խոսքերը.
Երբ սովորական մի “բարի լույս”-ից
Աշխարհն ավելի բարի է դառնում,
Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
Եվ ի՞նչ է ուզում մեկը մյուսից…
Սա “Հենարանի” հիմնական կազմն է, իհարկե կան նաեւ արտահաստիքային թղթակիցներ, որոնք չցանակացան խոսել: “Մի ուրիշ անգամ”,-ասացին իմ գործընկերները…
Հիշեցնենք, որ Henaran.am-ի լրահոսը կթեժանա հունվարի 9-ին:
Գործընկերների Ամանորի հանգիստը “խանգարեց” Արմեն Դավթյանը