15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՈ նախկին պետը չի ընդունում մեղադրանքները /վիդեո/

Մարգար Օհանյան

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանը հունվարի 9-ին մերժել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին գրավի դիմաց ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այն դատական առաջին նիստում  ներկայացրել էր նրա փաստաբան  Մկրտիչ Վասակյանը:

Մեղադրող Հարություն Հարությունյան

Մեղադրող Հարություն Հարությունյան

Շարունակելով դատական նիստը` մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Մարգար Օհանյանը մեղավոր է ճանաչվում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ: Արդյունքում,  զգալի վնաս է հասցրել պետության շահերին եւ անզգուշության հետեւանքով հանգեցրել լուրջ հետեւանքների: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի չափով վնաս:

Սակայն ՃՈ նախկին պետը հայտարարեց, որ  իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում: Քրեական գործով մյուս ամբաստանյալը` 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը ընդհանրապես հրաժարվեց պատասխանել հարցերին, իսկ Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը իրենց մեղավոր ճանաչեցին: Վերջինս փորձեց ուղղել մեղադրական եզրակացության մեջ առկա սխալը: Ըստ ամբաստանյալի,  Մարգար Օհանյանը իրեն ոչինչ չի հանձնարարել, “կամբատն է հանձնարարել”:

Նշենք, որ “կամբատը” Ստեփան Կարախանյանն է, ում ցուցմունքների հիման վրա էլ գործ հարուցվեց Մարգար Օհանյանի դեմ:

Ստեփան Կարախանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Ճանապարհային ոստիկանության սպայական երկրորդ գումարտակի հրամանատար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը, ինչպես նաեւ չարաշահելով ծառայողական դիրքը` յուրացրել է հատկապես խոշոր չափերի հասնող իրեն վստահված պետական գույքը:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի ղեկավար Արա Լեւոնյանն  ու Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանը  մեղադրվում են  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին աջակցելու մեջ, որով յուրացվել է  հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը:

 

Դատավոր Մխիթար Պապոյան

Դատավոր Մխիթար Պապոյան

Դատարանը հաստատեց ապացույցների հետազոտման կարգը, որից հետո  մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի տուժողի ներկայացուցիչ, այսօրվա նիստին բացակայող Ժիրայր Կարապետյանը եւս կարողանա ներկա գտնվել դատավարությանը:

Հետաքրքիր էր նաեւ, որ դատավորը կողմերի հետ չէր կարողանում “լեզու” գտնել` հերթական դատական նիստը նշանակելու համար: Մեղադրողն ու Արա Լեւոնյանի, Ստեփան Կարախանյանի եւ Սամվել Մախմուրյանի փաստաբանը պարզվեց շատ զբաղված են:

Ի վերջո, դատավոր Մխիթար Պապոյանը հերթական նիստի օր նշանակեց հունվարի 13-ին, ժամը 11.30-ին:
http://youtu.be/o_y3o59faPk

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ