Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից մարտի 1-ի զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը վաղը կընդունի մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին: Հանդիպումը տեղի կունենա վաղը` ժամը 9-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում: Այս մասին Henaran. am-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի տասը զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
Henaran. am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը: Համազեկուցողները հայաստանյան քննարկումների ժամանակ ի թիվս այլ խնդիրների, անդրադառնալու են 2008թ. մարտին 10 անձանց մահվան հետ կապված` ԵԽԽՎ 1837 բանաձեւի դրույթների իրականացմանն առնչվող հարցերին:
Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի զոհերի հարազատները Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման խնդրանքով դիմել են ԵԽ հայաստանյան գրասենյակին, եւ իրենց խնդրանքն ընդունվել է: Նկատենք, որ ԵԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ մարտի 1-ի զոհերի հետ Ջոն Պրեսկոտի հանդիպման մասին չէր նշվում:
Henaran. am-ին Սարգիս Քլոյանն ասաց, որ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից ակնկալիքները մեծ չեն. “Ոչ մի ակնկալիք չունենք, ուղղակի հանդիպում ենք, տեսնենք: Երեք անգամ մենք արդեն հանդիպել ենք, նա խոստումներ տվեց, բայց որեւէ խոստումն իրականություն չդարձավ, երկրորդ` Եվրախորհրդում մարտի 1-ի էջը փակված համարեցին”:
Սարգիս Քլոյանը տեղեկացրեց, որ Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ կանդրադառնան Հատուկ քննչական ծառայության միջանկյալ զեկույցին, որը վերջինիս խոսքով, խայտառակություն է: