Սպիտակում ՀՀՇ-ական Անանիկը համեմատվում է ՀՀԿ-ական թեկնածուի հետ
Փետրվարի 12-ին կայանալիք Սպիտակի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը:
Վերջինս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել էր թիվ 29 ԸԸՀ, բացի նախընտրական գրավի մուծման անդորրագրից:
Միայն առաջադրման վերջին օրը նա կտրոնը ներկայացրեց հանձնաժողովին: Սպիտակում խոսում են, թե ՀՀՇ-ական թեկնածուի գրավը` 500 հազար դրամ վճարել է հանրապետական քաղաքապետը: “Ինչու պիտի ես վճարեի նրա փոխարեն: Ոչ նման բան չի եղել”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպիտակի գործող քաղաքապետը:
Մեր այն դիտարկմանը թե պարզապես այլընտրանքային թեկնածու ունենալու համար, քանի որ բարեփոխված ԸՕ-ն թույլ չի տալիս մեկ թեկնածուով քվերակությունը,Սահակյանն ասաց. “Եթե Անանիկը չդներ, ես մեկին կգտնեի: Բայց համոզված էի, որ ինքը վերջին պահին կհասցնի”:
Մասնագիտությամբ մանկավարժ Անանիկ Նիկողոսյանը հերյուրանք համարեց այն տեղեկությունը, որ գրավը մրցակիցն է վճարել: “Ես ինքս եմ գտել եւ կարծում եմ դա քննարկման էն հարցը չէ”,-ասաց թեկնածուն:
Ա. Նիկողոսյանը չգիտի ՀԱԿ-ը պաշտպանելու է իր թեկնածությունը, թե ոչ, բայց ՀՀՇ-ում այս օրերին քննարկումներ են:
Նիկողոսյանը իր եւ գործող քաղաքապետի շանսերը հավասար է գնահատում , բայց չի բացառվում, որ գրանցումից հետո հանի թեկնածությունը: “Եթե զգամ անհավասար պայքար է ծավալվում եւ թափանցիկ ընտրություններ չեն լինելու, ես կհրաժարվեմ պայքարից”,-ասաց Ա. Նիկողոսյանը:
Henaran.am-ի այն հարցին, թե այդ դեքպում 500 հազար դրամ գրավը կփոխանցվի պետբյուջե` թեկնածուն ասաց, որ “իր իմանալով հետ է ստանալու”: “Դե այստեղ գրավը էական չէ, դրա մասին չեմ մտածում, ուղղակի պիտի արդար պայքար լինի”,-ասաց ՀՀՇ-ական թեկնածուն:
Նշենք, որ ըստ ԸՕ-ի, եթե երկու թեկնածուներից մեկը գրանցումից հետո է ինքնաբացարկ տալիս, ապա ընտրությունները համարվում է կայացած եւ մնացող թեկնածուն քվեարկվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին քաղաքապետի ընտրություններ են նաեւ Հրազդանում: Այստեղ առաջադրվել են Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանը եւ Հրազդանի համայնքապետի խորհրդական, ՀՀԿ-ական Հովհաննես Պրտավյանը:
Արմեն Դավթյան