ՀՀ վարչապետը՝ ճգնաժամ ծնող ճեղքվածքներից
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 29-ին Ծաղկաձորում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել “Տնտեսական քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները և հնարավորությունները” թեմայով դասախոսությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Հեֆֆերնը և Պետրի Օլավի Սալոն:
Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է փորձել հասկանալ, թե Ճգնաժամն ինչ արմատներ ունի, ինչպես է դրսևորվում և որն է դրանից ելքը: “Մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, որն ունի բազմաթիվ ներքին հակասություններ, որի արդյունքում էլ առկա է ճգնաժամը:
Դասախոսությամբ ցանկանում եմ անդրադառնալ այն ճեղքվածքներին, որոնք հանդիսանում են ճգնաժամի հիմնական պատճառները և որոնք բնութագրում են ժամանակակից աշխարհի խնդիրները”, – ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ճեղքվածքները չորս են՝ հասարակությունների միջև աճող անհավասարությունը, ժողովրդավարության և կապիտալիզմի բախումը, ինչպես նաև ֆինանսական ու առևտրային անհաշվեկշռվածությունները:
Վարչապետը մանրամասն անդրադարձել է դրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, կրթության, արդարադատության, ոստիկանության, մեր երկրի կառավարման համակարգում ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին՝ իր ծննդյան օրը հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից