Որակյալ բաճկոն, որ Ուրիխանյանը չամաչի ադրբեջանական պատվիրակության առջեւ եւ բազկաթոռ …
“2012-ի քննարկման ժամանակ մենք պայմանականորեն անվանեցինք պատգամավորների նյարդերի պահպանման ծախսեր, որոնց հետ կապված նշեցինք, որ 2013-ին դա պիտի ներառել: Հասկանում եմ, որ գոյատեւման բյուջե ունենք, որ պատգամավորի աշխատավարձը վաղուց չի բավարարում նույնիսկ մեկ որակյալ բաճկոն գնելու, որով մենք չենք ամաչի ասենք, ադրբեջանական պատվիրակության առջեւ որեւէ միջազգային միավորմանը մասնակցելու եւ այլն”,-այսօր ԱԺ-ում պետական կառավարման մարմիններին 2013թ պետբյուջեից հատկացումների քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե “ Հասկանում եմ, որ սա այն հիմնարկն է, որտեղ, ես առաջին անգամ եմ այդպիսի բան լսել, որ գալիս պիտի հետդ սեղան-աթոռ բերես, գիրք, գրիչ, տպիչ եւ այլն, բայց, այդուհանդերձ, իր աշխատասենյակի սեղանն ինքն իր հետ բերել է եւ ԱԺ-ից գոնե բազկաթոռ է ակնկալում:
“Հույս կապելով ձեր պաշտոնավարման նոր դարաշրջանի հետ, համապատասխանաբար եւ որակական փոփոխությունների հետ, ուզում եմ հարցնել՝ նախատեսվե՞լ են դրանք, թե՞ ոչ: Չէ՞ որ հարցը վերաբերում է բարոյահոգեբանական մթնոլորտին: Եթե մենք պահանջում ենք պատգամավորից աշխատանք եւ որակ եւ արդյունք, ՕԳԳ-ով հանդերձ, ուրեմն պիտի ապահովենք բոլոր անհրաժեշտությունները”,-ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին դիմեց Տիգրան Ուրիխանյանն ու հավելեց.
“Երբ որ ինձանից մասնավորապես իմ հանձնաժողովի ղեկավարը պահանջում է հավուր պատշաճի աշխատանք, չնայած իմ գերծանրաբեռնվածությանը, ես ձեզ ուզում եմ ասել՝ տրամադրեք ինձ գոնե մեկ բազկաթոռ, որպեսզի գոնե ես մեկ-մեկ կարողանամ նստեմ սեղանիս մոտ, որը ես բերել եմ իմ միջոցներով”:
Պատգամավորի դժգոհությանն արձագանքելով` ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ասաց, որ ԱԺ-ի կահույքի հարցը կլուծվի միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ:
Նշենք, որ 2013թ-ի պետբյուջեի նախագծով ԱԺ-ին կհատկացվի 3 մլրդ 142 մլն դրամ, որը նախորդ տարվա հատկացումներից 198 մլն դրամով ավելի է: