Ծառուկյանը կհանդիպի ՀԱԿ առաջնորդին.Ժողովուրդ
Արտերկրից վերադառնալուց հետո` երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տեւել: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որեւէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին` միայն հավաստիացնելով, որ “ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք”:
Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել:
Ներկաներից որեւէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում` ինչ է կատարվում:
Թերթի բոլոր փորձերը` ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվեցին: Տպավորություն էր, որ հրահանգված է լռել: