22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչ ՀԱԿ-ը մրսում է, Մոսկվայում -20 աստիճանին հզոր հանրահավաք են անում

Սպասվող ընտրական գործընթացների շուրջ Henaran.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ եւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ:

-Պարոն Ռուբինյան, առջեւում խորհրդարանական ընտրություններն են, ինչ-որ կերպ ներգրավված կլինե՞ք այդ ընտրական գործընթացներում կամ ինչ-որ քաղաքական ուժի կսատարե՞ք:

-Դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Իմ քաղաքացիական դիրքորոշումը հրապարակայնացնելու մոջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Անձնական մասնակցությունը կախված է նրանից, կլինի՞ մաժորիտարը, թե չի լինի: Եթե լինի, ապա ֆինանսական միջոցներ  կկարողանա՞մ հայթայթել, թե ոչ, որովհետեւ այս պահին որեւէ  հնարավորություն չունեմ մասնակցելու, նույնիսկ ընտրագրավի առումով: Իսկ համամասնական ընտրակարգով մասնակցությունը կախված է նրանից, թե  կուսակցությունները եւ դաշինքները ինչպիսին կլինեն եւ արդյո՞ք կհրավիրեն ինձ:

-Ւսկ ֆիանանսների առկայության դեպքում մեծամասնական ընտրակարգով ո՞ր ընտրատարածքում եք մտադիր առաջադրվել:

-Ցանկացած: Պարզ է, որ հաղթելու խնդիր չի կարող լինել, որովհետեւ ֆինանսապես, եթե ինչ որ բան կարողանամ հայթայթել, չեմ կարող մրցակցել օլիգարխների հետ: Այսինքն, այստեղ խոսքը կարող է գնալ միայն սեփական գաղափարները քարոզելու մասին: Մեր իրականության մեջ ընտրություններում պայքարը միայն հաղթելու համար չէ, նաեւ պայքար է արդար ընտրությունների, սեփական գաղափարները քարոզելու համար:

-Պարոն Ռուբինյան, իսկ Ձեր կարծիքով, որքա՞ն գումար է հարկավոր  մեր իրականության մեջ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար, բացի ընտրագրավից: Նկատի ունեմ այն, որ շատ է խոսվում, այն մասին, որ հենց մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են օգտագործում ընտրակաշառքի մեխանիզմը:

-Բացի ընտրագրավից,  մինիմալ  ծախսեր կան` տպագրական, շտաբ բացելու, շտաբում ինչ-որ ընդմիջումներ կազմակերպելու եւ այլն: Դրանք շատ մեծ գումարներ չեն, կարծում եմ, 10-15 հազար դոլարով կարելի է կազմակերպել: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա մրցակցությունը մեր իրականության մեջ  ընտրակաշառք բաժանելու միջոցով է ընթանում եւ նայած` ով ում դեմ է  դուրս գալիս: Եթե երկու օլիգարխ իրար դեմ դուրս գան, աճուրդի նման կլինի` ով որքան ավելի շատ գումար կծախսի:

-Պարոն Ռուբինյան, հայտնի է, որ “Ազատ դեմոկրատներ”-ը Ձեզ անդամակցության առաջարկ էին արել, այժմ խոսվում է “Ժառանգության” հետ նրանց դաշինքի մասին: Այս հնարավոր դաշինքի կայացման դեպքում հնարավո՞ր է, որ լինեք դաշինքի համամասնական ցուցակում:

-Նախ, պետք է սպասենք եւ տեսնենք, կայանո՞ւմ է, թե ոչ,  երկրորդ, ցանկություն ունե՞ն արդյոք ինձ տեսնելու , թե ոչ: Այս պահի դրությամբ, քաղաքական դաշտում միայն այդ երկու կուսակցություններն են ազատական: Կա նաեւ Ռամկավար ազատական կուսակցությունը, որը անհասկանալի իրավիճակում է եւ  պարզ չի, թե կնիքն ում ձեռքում է, իրավունքն` ում:

Կա Հայոց համազգային  շարժումը, որը ցավալի նահանջ է ապրել ազատականությունից եւ երկրորդ, այժմ անկախ չի գործում եւ Կոնգրեսի  կազմի մեջ է, որին շատ դժվար է  ազատական ուժ համարելը: Հետեւաբար, մնում են միայն “Ազատ դեմոկրատներն” ու “Ժառանգությունը”, որոնք բանակցությունների մեջ են: Միակ ուժը, որին ես կսատարեմ այս ընտրություններում որպես քաղաքացի եւ քաղաքական  գործիչ, այդ դաշինքը կլինի, անկախ նրանից, ինձ կառաջարկեն ընդգրկվել համամասնական ցուցակում, թե ոչ:

-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք 100 տոկոսանոց համամասնական ընտրկարգին անցնելու գաղափարի  շուրջ ընդդիմության միավորումը:

-Ես ոչ միայն հնարավոր համարում եմ, այլեւ մասնակցել եմ այդպիսի մի քննարկման, որտեղ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը միավորված էր, եւ բոլորը պահանջում են, որպեսզի մեծամասնական ընտրակարգը վերացվի: Ես դրա համախոհն եմ, որովհետեւ պարզ է, որ մեծամասնական ընտրատարածքները իշխանության ձեռքում խորհրդարանում իրենց մեծամասնությունն ապահովելու լծակ են:

-Պարոն Ռուբինյան, ՀԱԿ-ի ռեյտինգն ակնհայտորեն ընկնում է, նկատի ունեմ նախորդ տարվա գարնանը դրսեւորված մեծ ալիքը եւ այժմյան իրավիճակը: Այս պարագայում արդյո՞ք ՀԱԿ-ն ի զորու է իսկապես լինել այն համախմբող ընդդիմությունը, որի մասին շարունակ խոսվում է:

-Այդ առումով ես բազմիցս արտահայտվել եմ եւ նշել, որ իսկապես,  սխալ ուղի ընտրվեց, որը բերեց աջակիցների բանակի բավականին նոսրացմանը, ինչ վերաբերում է Կոնգրեսի գործունեությանը, եթե հաշվի չառնենք Հրազդանում լոկալ քաղաքական  մարտերը, ապա, ըստ էության, նախորդ հանրահավաքից հետո մինչեւ հիմա Կոնգրեսի գործունեություն չկա:

Գիտենք, որ մարտի 1-ին են ինչ-որ բան սկսելու: Թե ինչ կսկսեն կամ ինչ ծրագիր կներկայացնեն, ըստ այդմ կկողմնորոշվենք, բնականաբար, եթե համոզիչ ծրագիր լինի, ուրեմն աջակիցների քանակը պետք է ավելանա, եթե նույնը շարունակվի, ուրեմն ավելանալու մասին խոսք լինել չի կարող:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ի գործողություններում այս դադարն ինչո՞վ է պայմանավորված:

-Կարծում եմ, որ այդ դադարը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն ասվածների, որ պայքարը շարունակվում է եւ ամեն  ինչ արվում է արտահերթ ընտրությունների համար, Կոնգրեսում վաղուց արդեն համակերպվել են, որ ամեն ինչ հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, եւ իրենք պատրաստվում են դրան:

Սա իհարկե, չի նշանակում, որ  ես դատապարտում եւ ասում եմ` մի մասնակցեք, ընդհակառակը, նաեւ ընտրություններին մասնկցելն է պայքարի ձեւ , ուղղակի խնդիրը նրանում է, թե ազնվության  ինչ աստիճանով ես ներկայացնում քո ծրագրերը ժողովրդին:

-Պարոն Ռուբինյան, իսկ ՀԱԿ-ի շարքերում վերջին շրջանում դրսեւորված փոխադարձ մեղադրանքները, քաղբանտարկյալ լինել- չլինելու հարցի շուրջ սկանդալային հայտարարություններն ու աղմուկն ինչո՞վ ենք պայմանավորում եւ ինչի՞ մասին է սա խոսում:

-Այս ամենը այդ նույն իրական պայքարից հրաժարվելու, լճանալու արդյունքն է: Այդ հիասթափությունը շարքերում էլ կա եւ արդեն սկսում են ստորադասել հռչակված նպատակն իրենց ներքին խնդիրներին, անձնական ամբիցիաներին: Պարզ է, որ եթե նպատակասլաց պայքար լիներ, այդպիսի երեւույթներ չէին լինի:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի օրը փետրվարի 17-ից մարտի 1-ը տեղափոխելու պատճառն իսկապե՞ս եղանակն է, ինչի մասին հայտարարվեց, թե՞ այն  քաղաքական դրդապատճառներ ունի:

-Չեմ ուզում ենթադրություններ անել, ուղղակի եկեք համեմատություններ անենք: Մոսկվայում Ռուսաստանի  ընդդիմությունը -20 աստիճան եղանակային պայմաններում հզոր երթ եւ հանրահավաք անցկացրեց, այսինքն, երբ քաղաքական  անհրաժեշտություն կա, նաեւ այդ քայլին են գնում` թեկուզ սեփական  աջակիցներին սառեցնելու եւ հիվանդացնելու վտանգին ընդառաջ: Այնպես որ, ասել, թե ձյունը շատ է եկել եւ հարմար չէ, ուղղակի պատճառաբանություն է:

– Պարոն Ռուբինյան, իշխանությունները հայտարարում են, որ սպասվող ընտրությունները տարբերվելու են նախորդներից եւ լինելու են ազատ, արդար ու թափանցիկ: Ի՞նչ եք կարծում, իսկապես կհաջողվի՞ որակական փոփոխություն մտցնել ձեւավորված ընտրական “ավանդույթների” մեջ:

-Հրազդանի եւ, ընդհանրապես, վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ստում են, ազատ, արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Որեւէ  քաղաքական կամք չկա, որպեսզի դա ապահովվի: Իսկ այդպիսի ընտրություններ ապահովելը, եթե իսկապես իշխանությունը ցանկանա, շատ թեթեւ, մի քանի օրվա խնդիր է` պարզապես իշխանական բուրգին հրահանգ է իջեցվում եւ մեկ-երկու կաշառք բաժանողներ ու իշխանություն չարաշահողներ հենց որ պատժվում են, նորմալ համակարգ է լինում:

Հիմա, ցավոք, մոդայիկ է դարձել այն թեման , թե ժողովուրդը հակված է ծախվելու: Ո՞վ չգիտի, որ մեր հասարակությունը հիվանդ է, բայց հասարակությունն ինքն իրեն չի կարողանում բուժել: Հասարակությունը կարողանում է ինչ-որ ավանգարդ ձեւավորել, որն սկսում է բուժել հասարակությանը:

Նույն Վրաստանի օրինակը, որը շատ է չարչրկված: Ձեզ թվում է վրացի ժողովուրդն ինքն իր վրա էքսպերիմե՞նտ արեց եւ սոցիալական ու իրավական համակարգում, պետական ապարատում վերացրեց կոռուպցիան:

Ոչ, ձեւավորվեց մի  ավանգարդ, որը քաղաքական կամք դրսեւորեց եւ կարգի գցեց այդ հասարակական  հարաբերությունները: Կարծում եք հրազդանցի կինը, որ ընտրակաշառք էր պահանջում, շատ ավելի հիմա՞ր է, քան վրացի կինը: Ոչ, ուղղակի էլիտան որ ճանապարհով տանում է, այն ճանապարհով էլ գնում են: Ցավոք, մեր էլիտան երկիրը կործանման է տանում:

-Պարոն Ռուբինյան, Հրազդանի ընտրություններից հետո պարտվող կողմը ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայտարարություն չարեց, նաեւ լցոնումների, լուրջ ընտրախախտումների մասին, որոնք կարող էին ազդել ընտրությունների ելքի վրա, որեւէ հայտարարություն չեղավ վստահված անձանց եւ դիտորդների կողմից: Այս առումով ինչ-որ առաջընթաց, գուցե փոքրիկ, չե՞ք նկատում:

-Առաջընթաց կա, այո, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները տարին տարվա վրա ավելի են հղկվում, բայց  դրանից կեղծիքը չի դադարում  կեղծիք լինելուց: Երբ կլսենք, որ իրականում  ինչ-որ մեկին պատժեցին ընտրակաշառք բաժանելու համար, այդ ժամանակ կսկսենք մտածել, որ ինչ-որ փոփոխության կամք կա:

Զրուցեց`Մարիաննա Ղահրամանյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ