22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սոֆի Մխեյանը` իր ասպետի եւ Եվրատեսիլի մասին /վիդեո/

Եվրոպական ու ամերիկյան շոու-բիզնեսում՝ մասնավորապես փոփ ու փոփ-ռոք երաժշտության մեջ, վաղուց է նորաձև դարձել ազգային մոտիվների ու ելևէջների, ինչպես նաև ազգային երաժշտական գործիքների նվագակցության օգտագործումը: Հայաստանում նման միտումն ունի ընդամենը մի քանի տարիների պատմություն:

Իսկ թե ովքեր են հայ երգարվեստում հիմք դրել ազգային մոտիվների ու ժամանակակից երաժշտության համակցմանը, և թե ինչ կարելի է սպասել այս տարվա Եվրատեսիլից,  Henaran.am-ը փորձեց պարզել երգչուհի Սոֆի Մխեյանից.

-Վերջերս քննարկումների թեմա է դարձել այն հարցը, թե ո՞ր կատարողն է հայ երգարվեստ ներմուծել հայկական ազգային մոտիվների ու արդի երաժշտության զուգակցումը: Մի մասը հակված է այն տեսակետին՝ ըստ որի առաջին քայլն արել է Անդրեն՝ նմանատիպ գործիքավորմամբ երգը ներկայացնելով Եվրատեսիլում, մյուս մասը նորարար է համարում Սիրուշոյին, մի շարք մարդիկ էլ նշում են Ձեր անունը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Դժվարանում եմ հստակ առանձնացնել առաջին քայլը կատարողին, սակայն պետք է ասեմ, որ դեռևս 2006 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ երբ կատարեցի  «Գիտեմ՝ կաս» երգը, գործիքավորման մեջ արդեն իսկ օգտագործել էինք ազգային մոտիվներ՝ զուռնայի, դհոլի ու շվիի ելևէջներով: Ժամանակակից երգի մեջ ազգային տարրերի օգտագործումը թե՛ Դեր-Հովայի, թե՛ իմ, թե՛ այդ ընթացքում ինձ հետ աշխատող մարդկանց մտահղացումն էր, որը կյանքի կոչվեց համատեղ ուժերով:

Սկզբում, իհարկե, մտավախություն ունեինք, որ արմատացած ավանդույթներին կողմնակից ու նորարարությանը կտրուկ արձագանքող հայ հասարակության մեջ սա կարող է ճիշտ չընկալվել՝ հատկապես երբ ես լիրիկական երգերից կտրուկ անցում էի կատարում դեպի ռիթմիկ կատարումներ, սակայն ես վճռական էի տրամադրված, միշտ անկեղծ եմ եղել բեմում, չեմ խաբել, երգել եմ այնպես, ինչպես զգում եմ, և սա տվեց իր դրական արդյունքները:

Ապա 2007-ին ասպարեզ իջավ “Օրը և ներկան” երգը՝ իր տեսահոլովակով, որը շատ բան փոխեց հայ հանդիսատեսի մտածողության մեջ: Նախ այստեղ շատ ավելի ակնհայտ էր հայկական ազգային գործիքների նվագակցումը, ավելին՝ հենց տեսահոլովակում քոչարի էինք պարում: Այս կատարումն իրոք “BOOM” եմ համարում, քանի որ այն հայ երիտասարդին ցույց տվեց, որ վերջինս կարող է լինել ոճային, համահունչ քայլել ժամանակի հետ՝ միաժամանակ չկորցնելով ազգային դիմագիծը:

Ազգային մոտիվների օգտագործումն իմ երգերում շարունակվեց, դրա մասին են վկայում “Ճանաչի՛ր”, “Որտեղ գտնեմ” և շատ այլ երգեր: “Հաճախ ժպտա” կատարման մեջ թաքնված ռիթմային խաղեր կան, որոնք բնորոշ են 6/8-ին, սակայն այնքան ինքնատիպ կերպով ենք մշակել, որ դա իսկույն չի զգացվում: Մինչ օրս ազգային տարրերը զգալի են իմ երգերում:

-Ներկայումս Եվրատեսիլի թեման բավականին ակտուալ է, ի՞նչ եք կարծում՝ արդյոք ճիշտ էր Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք երգի այս մրցույթին:

-Այս հարցին անհնարին է տալ հստակ պատասխան, ասել՝ այո՛, կամ՝ ոչ: Կարծում եմ՝ ներկայումս ոչ ոք ունակ չէ գոհացուցիչ պատասխան տալու: Կգնանք Բաքու, այն ժամանակ պարզ կլինի: Հարցականները, “բայց”-երն ու “եթե”-ները շատ են: Միգուցե Բաքվում հայ մասնակցին լավ դիմավորեն, միգուցե և խնդիրներ առաջանան:

-Դուք գրեթե միշտ անմասն եք մնացել Եվրատեսիլյան թոհուբոհից, չէ՞իք ցանկանա  երբևէ ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում:

-Եթե անկեղծ լինեմ, ապա հաճախ եմ մտածել ու մտածում Եվրատեսիլ մրցույթի մասին, լսելով հաղթող երգերը՝ ցանկացել եմ հասկանալ, թե ինչն է ավելի ակտուալ Եվրատեսիլում: Եվրատեսիլը դիտել եմ շատ վաղուց, այն ժամանակ, երբ Հայաստանը դեռևս չէր մասնակցում: Հիմնականում Ռուսաստանի մասնակցի համար էի ցավում:

Եթե պետք է մտնեմ մի պայքարի մեջ, որպեսզի ևս մի անգամ իմ անունը շոշափվի, չեմ գնա այդ քայլին: Մի քանի տարի է, ինչ ինքս ինձ պատկերացնում եմ Եվրատեսիլում, բայց գտնում եմ, որ մարդ պետք է հայտնվի ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին: Պահը դեռևս չի հասունացել, երբ լիովին համոզված լինեմ, միայն այդ դեպքում կմասնակցեմ: Այնուամենայնիվ, ասեմ, որ Եվրատեսիլը ավելի շատ քաղաքականության, քան թե երգի ու երաժշտության մրցույթ է:

-Առավել նպատակահարմար է, որ Հայաստանը ներկայացնի հայաստանաբնակ կատարողը, թե՞ Սփյուռքի երգարվեստի ներկայացուցիչ: Արդյո՞ք մեծ է հավանականությունը, որ Բաքվում ծնված, այժմ ԱՄՆ-ում բնակվող հայազգի Լյուսիա Մունն այս տարի կներկայացնի Հայաստանը:

-Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, որ Հայաստանում ծնված ու մեծացած երգիչը մասնակցի: Լյուսիա Մունի գնալու հավանականությունը, կարծում եմ, մեծ չէ, թեպետ նրա անձի շուրջ սկսված խոսակցությունները լավ PR են այս երգչուհու համար, սա նորմալ է շոու-բիզնեսի շրջանակներում:

Այսօր սիրահարների տոնն է, ունե՞ք սրտի Վալենտին:

-Ցավոք սրտի, դեռ ոչ, բայց սպասում եմ իմ ասպետին, հուսով եմ՝ 2013 թվականին դրական պատասխան կտամ այս հարցին:

Հարցազրույցը վարեց Անի Մարգարյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ