У меня такая репутация, что меня давно пора скомпрометировать, եթե կարող եք, արեք. Լեւոն Իգիթյան
“Արա Երնջակյանն ինձ համար իսկական մտավորական է եւ այն եզակի մտավորականներից է, որ ամբողջ կյանքում եղել է բարձրաստիճան գրագետ, ուսյալ, մշակույթի տեր: Թատրոն գնացեք, տեսեք”,-այսօր լրագրողներին հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի հասցեին ուղղված քննադատությանը, մասնավորապես “ծախու մտավորական” որակմանը:
“Դուք կարող եք մի բառի համար մինչեւ էդ արած բոլոր ծառայությունները մի օրում ջնջել, մարդ գնահատել չգիտեք: Ինձ համար Արա Երնջակյանը շատ բարձր որակի մտավորական է”,-հայտարարեց Լեւոն Իգիթյանը: Դիտարկմանը, թե չեք վախենում, որ Ձեզ էլ այդ շարքին կդասեն, Լեւոն Իգիթյանը պատասխանեց.”Չէ, չեմ վախենում: Էն, որ ասում են` “у меня такая репутация, что меня давно пора скомпрометировать”:
Եթե կարող եք, արեք: Կյանք եմ ապրել, կարող ձեր մի հատ հոդվածից ես …”,-միտքը չավարտեց Լեւոն Իգիթյանը: Հիշեցնենք, որ Արա Երնջակյանը գնացել էր Մաշտոցի այգի եւ բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան անօրինական էր որակել, ինչին հետեւել էր վերջիններիս բուռն արձագանքը: Միջադեպը սոցցանցերում լայնորեն քննարկվեց: Ի դեպ, Լեւոն Իգիթյանն ասաց, որ չի եղել Մաշտոցի այգու տարածքում եւ իր աչքով չի տեսել այնտեղ իրականացվող շինարարությունը:
“Ես այնտեղ ինչ գործ ունեմ, գնամ ի ՞նչ անեմ”,-հայտարարեց նա: Ասուլիսի բանախոսներից բնապահպան Մերի Խաչատրյանը նշեց, թե Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստները, որոնց քննադատում է Լեւոն Իգիթյանը, արշավականներ են, տարբեր նախասիրությունների տեր մարդիկ, իրավաբաններ եւ խնդրեց չքաղաքականացնել ու չկուսակցականացնել հարցը:
“Ոմանք իմ ուսանողներն են եղել, շատ թույլ ուսանողներ, չկայացած մարդիկ են, իրենց ճակատագիրն ու կենսագրությունը իրենք գիտեն, փողոցում խոսելով ճարտարապետ չեն դառնում, գծագրական տախտակի մոտ են ճարտարապետ դառնում”,-դիտարկմանը պատասխանեց Լեւոն Իգիթյանը: