Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը նվաճումներ ունեցավ. Ռուբեն Սաֆրաստյան
“Թեեւ հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային դիվանագիտության արդյունքները չարդարացան, բայց Հայաստանը կարողացավ ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատման, իսկ Թուրքիան պատրաստ չէ’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում “Հայ-թուրքական արդի հարաբերությունները եւ առաջիկա հինգ տարվա հեռանկարները” թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով` եթե հայ-թուրքական հարաբերություններին մոտենում ենք ազգային գործընթացների տեսանկյունից` Հայկական Հարց եւ Հայոց ցեղասպանության ճանաչում, ապա այդ առումով Հայաստանը նվաճումներ ունեցավ:
‘’Մեր ժողովուրդը հավատարիմ է իր ազգային արժեքներին, դա ուրախալի է: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում էլ երեւաց այս քննարկումների ընթացքում: Մենք տեսանք, որ չկա միայնակ Հայաստան, կա միասնական հայություն, որն ունի միասնական խնդիրներ’’,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ հայ ժողովուրդը ապացուցեց եւ Թուրքիային, եւ աշխարհին, որ ազգային խնդիրները հայ ժողովրդի համար գերակա շահ են:
Նա նշեց, որ այսուհետ Հայաստանի խնդիրն է առավել ակտիվ աշխատել` առանց նախապայմանների հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Իսկ դրա համար, ըստ քաղաքագետի, Թուրքիան պետք է հրաժարվի Հայաստանի հանդեպ երկու տասնամյակ շարունակվող քաղաքականությունից, որի նպատակն էր ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
‘’Մենք արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք նորմալ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ, խոսքը չի գնում բարիդրացիական հարաբերությունների մասին, քանի որ մեր երկրների մեջ կան շատ խորը հակասություններ: Խոսքը գնում է հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատմանը’’,- նշեց արեւելագետը: