ԲՀԿ-ն ու ‘Ժառանգությունը’ դեռ մտածում են …
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռ չի որոշել, թե արդյոք կմասնակցի կառավարության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին: ‘Դեռ ժամանակ կա, մինչ այդ կորոշենք’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ ԱԺ բոլոր խմբակցություններին հրավիրեց մասնակցելու վերոնշյալ նիստին:
Վերջնական որոշում չի կայացրել նաև ‘Ժառանգություն’ խմբակցությունը: Սակայն, կուսակցության խոսնակ Հովսեփ Խորշուդյանի խոսքով, նրանք ամենայն հավանականությամբ կմասնակցեն այդ նիստին` կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության հասնելու համար:
Նիստին մասնակցելու հաստատակամ որոշում է կայացրել ՀՅԴ խմբակցությունը: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ էթիկայից ելնելով իրենք կմասնակցեն նիստին: ‘Հանրապետության վարչապետը հրավիրել է, զուտ էթիկայից ելնելով` մասնակցելու ենք, բայց մենք այդ խորհրդի գործունեությունը անարդյունավետ ենք համարում: Մենք ունենք մեր մոտեցումը. կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է հրավիրել հատուկ մարմին’,-հավելեց Աղվան Վարդանյանը:
ՀԱԿ խմբակցությունը երեկ արդեն հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, թե չի մասնակցի այդ նիստին:
Նշենք, որ խորհրդի նիստը պետք է կայանար այսօր, սակայն այն հետաձգվել է, և կկայանա վաղը: Վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը մեզ հայտնեց, որ նիստը տեխնիկական պատճառներով է հետաձգվել: