“Ի՞նչ է նշանակում` եկեղեցին պետք է խավարամիտ հասարակությանը’’
Խոսքի ազատությանը ես դեմ չեմ, բայց կարծում եմ, որ ամեն մարդ պետք է նաեւ պատասխանատվություն կրի իր արած հայտարարությունների համար: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը` մեկնաբանելով վերջերս հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե ‘մենք եկեղեցու կարիք չունենք, եւ այն պետք է միայն խավարամիտ հասարակությանը’:
‘’Սամվել Կարապետյանը շատ լավ մասնագետ է իր գործի, իր առաքելության, եւ ես իսկապես գնահատում եմ թե իր հրատարակությունները, թե գործունեությունը: Բայց եթե մարդը հայտարարում է, որ մեզ եկեղեցին պետք չէ, որ եկեղեցին իր համար պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում ընդամենը հուշարձան լինելու տեսանկյունից, ու միաժամանակ նա գալիս է եկեղեցի, ապա ես այստեղ մեծ հակասություն եմ տեսնում’’,- ասաց քահանան: Տեր Եսայի քահանա Արթենյանը “չի կարողանում հասկանալ, ինչ է նշանակում` եկեղեցին պետք է խավարամիտ հասարակությանը’’:
‘’Էսօր ներկայիս վիճակից ավելի խավար վիճակ կա՞: Երբ որ անառակությունը, թմրամոլությունը, մարդկային հարաբերությունները այսքան աղճատված են, չկա վստահություն ոչ մի բանի հանդեպ: Լավ թող Սամվել Կարապետյանն ասի այն, ինչ մտածում է, բայց թող նաեւ պատասխանատվություն կրի իր ասածների համար’’,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Քահանան կարծիք հայտնեց, որ Սամվել Կարապետյանի այն միտքը, թե եկեղեցին մարդկանց տարել է մորթվելու ցեղասպանության ժամանակ, դա պատմությունից անտեղյակ մարդու ասաց խոսք է, եւ շատ մարդիկ նրան լսելով` կարող են նրա ասածներն ընդունել որպես ճշմարտություն:
‘’Խնդիրը եկեղեցուն դեմ խոսելը չէ, դրանից եկեղեցուն ոչինչ չի լինում: Ես դեմ չեմ առողջ քննադատությանը: Շատ անվանի մարդկանց, օրինակ` Կարինե Խոդիկյանի, Լալա Մնացականյանի առողջ քննադատությունները, ես սիրով եմ ըւնդունում , քանի որ դրանք հավատացյալի քննադատություններ են, մարդիկ ովքեր իրապես մտահոգված են եկեղեցու զորությամբ’’,- կարծիք հայտնեց քահանան`հավելելով, որ այս ենթատեքստում ճիշտ չէ, երբ հայտնի մարդիկ քննադատություններ են անում` ամբիցիաներ եւ անհասկանալի նպատակներ հետապնդելով: