ԵԺԿ նախագահը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է
ՀՀԿ համագումարին հնչեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի տեսագրված ուղերձը, Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
Պարոն Նախագահ, հարգարժան Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցութան հարգելի բարեկամներ
Ինձ համար մեծագույն հաճույք է հղել Ձեզ այս ուղերձը Ձեր կուսակցության անչափ կարևոր համագումարի առթիվ`միաժամանակ հայտնելով ափսոսանքս այսօր Ձեր կողքին չլինելու համար։ Այդ հաճույքն առավել մեծ է, քանզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսուհետ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական մեծ ընտանիքի պաշտոնական անդամն է։
Եվրոպական Ժողովրդական կուսակցությանն անդամակցելը Ձեզ նոր հնարավորություններ է ընձեռնում, նոր հորիզոններ, եվրոպական հորիզոններ։
Հարգելի Սերժ Սարգսյան,
Դուք զգացել և, հուսով եմ, բարձր եք գնահատել այն հրաշալի ընդունելությունը, որին Դուք արժանացաք ԵԺԿ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Մարսելում դեկտեմբերին անցկացված մեր համագումարի ժամանակ։ Մենք Ձեզ ընդունում ենք անվերապահորեն և ոգևորությամբ, քանզի վստահում ենք Ձեզ ։ Մենք հպարտանում ենք Ձեր նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։ Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաև Ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Ձեր կողմից ձեռնարկված տնտեսական և քաղաքական բարեփոխումները նպաստում են խաղաղ ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման ուղին ընտրած Հայաստանի կայացմանը։
Սակայն ԵԺԿ անդամ լինելը ենթադրում է նաև պարտավորություններ և առաջին հերթին օրինակելիության պարտավորություն։
ՀՀԿ իմ սիրելի բարեկամներ,
ԵԺԿ-ին անդամակցելու դիմումն ընդունելիս մեզ մեծապես ոգևորեց Ձեր կուսակցության առաջնորդների կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրինակելի ընտրություններ դարձնելու պարտավորության ստանձնումը։ Մենք համոզված ենք, որ այդ պարտավորությունն ի կատար կածվի։ Միայն այդ դեպքում Սև ծովի այս կողմում գտնվող Եվրամիության և մյուս կողմում գտնվող Կովկասյան երկրներին միավորող արժեքները կյանքի կկոչվեն Հայաստանում լիարժեք օրինականության պայմաններում, ի շահ Ձեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու։
Քանզի իրական նպատակը հետևյալն է. Հայաստանն իր պատմության շրջադարձի վրա է ։ Այն պատմական ժամանակաշրջանի փոփոխություն է կրում։ Ավելի ստույգ` Հայաստանը գտնվում է երկու պատմական ժամանակաշրջանների միջև, ուր մեկը դժվարանում է ընդունել իր վախճանը, իսկ մյուսը դժվարությամբ է լույս աշխարհ գալիս։ Հայաստանն ազատագրվում է արժեքների մի համակարգից, ընդունելու համար մի այլ` Եվրամիության արժեքների համակարգը, այն համընդհանուր արժեքների, որոնք հետայսու մեր ընդհանուր հարստությունն են և որոնց վրա հենվում է ԵԺԿ մեր քաղաքական ընտանիքը`ժողովրդավարություն, իրավունք, արդարադատություն, ազատություն և համերաշխություն։
ՀՀԿ տիկնայք և պարոնայք,
Մի քանի շաբաթից Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններում։ Ես դրանում միանգամայն համոզված եմ ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենևին Ձեզ համար և ոչ էլ Ձեր կուսակցության ։Դուք դա կանեք Ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի ։ Հայաստանը պետք է տեսնի, որ իր եվրոպական հորիզոնն ավելի ու ավելի է ընդլայնվում։ Եվ ՀՀկ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը, որն այդքան հույսեր է ներշնչում և նոր հեռանկարներ ընձեռնում Ձեր հրաշալի երկրի ու նրա երիտասարդության համար։
Փորձությունների և տանջանքների միջով անցած այդքան տարիներից հետո Հայաստանն իրավունք ունի վայելելու երկարատև խաղաղություն։ Հայաստանն իրավունք ունի այլևս չապրել շրջափակման մեջ։
Հարգելի բարեկամներ,
Ես մի համոզմունք ունեմ։ Ձեր կուսակցության առաջնորդներն են ստեղծելու խաղաղության պայմանները։ Ձեր կուսակցության առաջնորդներն են ստեղծելու Հայաստանի իրական անկախության պայմանները։
Պարոն Սերժ Սարգսյան,
ՀՀԿ իմ հարգելի բարեկամներ,
Այսուհետ մենք նույն ուղով ենք ընթանալու։ Այն անշուշտ լի կլինի փորձություններով և մարտահրավերներով։ Սակայն վստահ եղեք, որ ԵԺԿ –ն անվերապահորեն կսատարի Ձեզ ։
Այդ ուղին նույնպես կպսակվի հաջողություններով և ընտրական հաղթանակներով։ Եվ ԵԺԿ-ն հպարտորեն կմիանա այդ հաղթանակներին։ Իսկ դրանք կսկսվեն մի քանի շաբաթից։
Կեցցե Հանրապետական կուսակցությունը։
Կեցցե Հայաստանը։