Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ ՍԴՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
“Բոլոր փաստարկները, որ մենք ներկայացրել ենք, բավական է, որ պետռեգիստրում չեղյալ հայտարարվեր նրանց գրանցումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով ՍԴՀԿ-ի գրանցման հետ կապված խնդրից:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գրություն է ստացել Արդարադատության նախարարությունից, որում տեղեկացվում է, որ կուսակցությունն ունի նոր վարչություն և նոր ատենապետ: Նոր ատենապետը, ըստ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքի, Գևորգ Պերկուպերկյանն է:
“Ես դա գնահատում եմ որպես միտումնավոր գրանցում, հայտարարոււթյունը խոսում է այն մասին, որ հանցագործություն է կատարվել”,-հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը: Բանախոսը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությանը նամակ է ուղարկվել` հարցը մեկամսյա ժամկետում, բայց ոչ ժամկետի վերջին օրերին կարգավորելու համար: Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, հարցը մինչ օրս կարգավորված չէ:
ՀԱԿ անդամ ՍԴՀԿ ատենապետը այստեղ միտում է տեսնում եւ հայտարարում է, որ արդարադատության նախարարությունը գործընթացը ձգձգում է, որպեսզի կանխի ՀԱԿ-ի կազմում ՍԴՀԿ-ի մասնակցությունը ընտրություններում: “Ես մի նոր հայտարարություն եմ պատրաստել, որտեղ ուղիղ մեղադրանք եմ ներկայացել Սերժ Սարգսյանին եւ արդարադատության նախարարությանը”,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ դիմել են նաեւ ԿԸՀ-ին` կուսակցությանն առնչվող գրանցումները կեղծ փաստաթղթերի հիման վրա իրականացնելու մասին: Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է, որ Գեւորգ Պերկուպերկյանին ատենապետությունն արդարադատության նախարարությունը անվավեր ճանաչի: “Մեր խնդիրն է ՀԱԿ-ի հետ դաշինքով մասնակցել ընտրութուններին, իհարկե, մենք կարող ենք համամասնական ցուցակ մտնել նաեւ այլ կուսակցությունների հետ, բայց գլխավոր խնդիրը սա է:
Ակնհայտ կեղծիքը մեկ ամիս է ձգվում է եւ ամեն ինչ արվում է, որ մեր դաշինքը ՀԱԿ-ի հետ դաշինք չմտնի: Սա քաղաքական հետապնդում է մեր կուսակցության նկատմամբ: Մենք ամեն ինչ անելու ենք` մինչեւ եվրոդատարան դիմելու ենք”,-հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը եւ հավելեց, որ երեք տարի շարունակ փորձ արվեց ՍԴՀԿ-ի միջոցով Կոնգրեսը պառակտել: